Ռ․ Պետրոսյանը պահանջել է չեղարկել Նոր Գեղիի փողոցը նախկին համայնքապետի անունով դարձնելը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 17, 24News

Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թ. մարտի 24-ի որոշումը, ըստ որի՝ համայնքի մի շարք փողոցներ անվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Այս մասին տեղեկացնում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգը: 

Կոտայքի մարզպետի հայցադիմումը դատարան է ստացվել հուլիսի 8-ին և մակագրվել դատավոր Արթուր Ծատուրյանին: Դեռևս գործով դատական նիստ չի նշանակվել:

Հիշեցնենք, որ 4 տարի առաջ Նոր Գեղիի ավագանու անդամները միաձայն համայնքի Երևանյան փողոցը անվանակոչել էին Թևոսյանի անունով: Ֆրոնտիկ Թևոսյանն իր անունով էր անվանակոչել նաև գյուղի երաժշտական դպրոցը:

Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքի ղեկավարն է եղել՝ սկսած 1985 թվականից, և պաշտոնից ազատման դիմում է գրել «թավշյա հեղափոխությունից» հետո:

Այն ժամանակ համայնքապետը ավագանու՝ իր անվամբ փողոց անվանակոչելու որոշումը հիմնավորել էր իր վաստակով. «Դե ես 30 տարվա աշխատանքային ստաժ ունեմ: 85 թվականից մինչև հիմա այդ գյուղի ղեկավարն եմ, և մարտի 25-ին էլ 70-ամյակս էր, ինձ ժամանակին Անդրանիկ Մարգարյանն էլ է տվել հուշամեդալ, Ազգային ժողովը տվել է, հիմա սպասում եմ՝ նախագահը տա, իսկ ավագանին էլ որոշեց Երևանյան փողոցը անվանակոչել Թևոսյանի անունով: Ավագանու որոշում է»,- «Հայկական ժամանակ» թերթին ասել էր նա։