Մենք զբոսաշրջության տարբեր ձևեր միախառնում ենք, նոր մատուցում զբոսաշրջիկին․ Մեխակ Ապրեսյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 17, 24News

բակո

Մենք բացառիկ ենք նրանով, որ զբոսաշրջության տարբեր ձևեր միախառնում ենք և այդպես մատուցում զբոսաշրջիկին: Այս մասին aյսօր հրավիրված ասուլիսում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը և թվարկեց այդ ձևերը՝ ճանաչողական, պատմամշակութային, կրոնական, արկածային, գաստրո, բժշկական, գյուղական, էկո և այլն:

Ինչ վերաբերում է արտագնա զբոսաշրջությանը՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը նկատեց․ «Մենք չունենք ծով, բայց ունենք հրաշագեղ Սևան, որը մեկ այլ գրավչություն ունի: Ծովային հանգստի նպատակով մեր քաղաքացիները հիմնականում մեկնում են հարևան Վրաստան, Եգիպտոս, Հունաստան: Իհարկե, այլ երկրներ էլ են մեկնում՝ ճանաչողական նպատակներով: Բացի այդ՝ հեռավոր, էկզոտիկ երկրներ այցելություններ կան, ինչը լավ է»:

Անդրադառնալով Սևանա լճի վիճակին և զբոսաշրջության տեմպերի վրա դրա ազդեցությանը՝ Մեխակ Ապրեսյանը նշեց. «Նախորդ տարի ևս Սևանա լճի «ծաղկելու» երևույթ նկատվել է: Բայց լճի ինքնամաքրում եղավ և մեծ ազդեցություն չթողեց զբոսաշրջության վրա: Բարեբախտաբար, այս տարի ևս ինքնամաքրման գործընթաց է տեղի ունենում: Հուսանքը ամեն ինչ կկարգավորվի, և իրավասու մարմինները հետևողական կլինեն, որ խնդիրներ չունենանք»: Ապրեսյանը շտապեց ուրախացնել՝ ասելով, որ այս տարի ամառն ու աշունը Հայաստանում և Արցախում տարատեսակ փառատոններ կանցկացնեն:

Օրինակ՝ սեպտեմբերի 21-ին Խաչիկ գյուղում կանցկացվի «Գաթա» խորագրով «Գյուղական ավանդույթներ» փառատոնը, իսկ սեպտեմբերի 22-ին Դիլիջանում նախանշված է հայ-վրացական խոհարարական կատակ-մրցույթը: Այս մրցույթներից բացի՝ Սևանում կանցկացվի հեղինակային երգի փառատոն, իսկ Դիլիջանում՝ «Մշակութային վերածնունդ» փառատոնը:

 «Արենի գյուղում հոկտեմբերի առաջին շաբաթ օրը կանցկացվի գինու փառատոն, Բերդում՝ մեղրի և հատապտուղների փառատոն: Արցախում նույնպես շատ հետաքրքիր փառատոններ են սպասվում»,- թվարկեց նա և կարևորեց փառատոններին պետական աջակցությունը: