Իշխանությունը չի մտափոխվել վեթինգի հարցում, բայց գործիքակազմում շտկումներ կարող են լինել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

«Եթե վարչապետի՝ վեթինգի մասին հայտարարության պահից հետո եղել են քննարկումներ, եղել է աշխատանք, այդ թվում՝ միջազգային և խորհրդատվական մարմինների հետ և որոշակի  շտկումներ են կատարվել, դա վատ  չէ, և անհանգստության առիթ չէ, կամ ցուցիչ, որ  իշխանությունը մտափոխվում է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման  եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

«Նորմալ է, որ իշխանությունը մտափոխվում է առանձին գործիքակազմի հարցում։ Վատ է, երբ իշխանությունը մտափոխվում է  իր սկզբունքների  ու տեսլականների մեջ։ Բայց այն, որ քննարկումների արդյունքում այս տարբերակն ունենք, և արդարադատության նախարարն էլ նշել է, որ մինչև հուլիսի վերջ դատական օրենսգրքի փոփոխությունների որոշակի փաթեթ պատրաստ կլինի և կներկայացնի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու համար, այստեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է իշխանական պատգամավորը։

Ըստ պատգամավորի՝ որևիցէ խզում սկզբնական շրջանում հնչեցված նպատակի և այս պահին իրականացվող գործընթացների, իրականում, չկա։ 

«Եթե անգամ կա որոշակի փոփոխությունների գործիքակազմ, դա վկայում է այն մասին, որ իշխանությունը չի հայտարարում մի բան և շարունակում դա անել միայն նրա համար, որ այդպես է հայտարարվել՝ չլսելով քաղաքացիական հասարակությանը, անգամ ընդդիմադիր կեցվածք ունեցող փորձագետներին։ Այս փոփոխությունները վկայում են առողջության մասին, և ոչ երբեք դրա արատավոր լինելու»,- վստահեցրել է Գրիգորյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։