Բերման են ենթարկել օտարերկրացի ուղևորներից բջջային և գումար վերցրած տաքսու վարորդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

.

Հուլիսի 16-ին, ժամը 21:40-ի սահմաններում Երևանի Հանրապետության հրապարակում ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողներին են մոտեցել օտարերկրացի երկու երիտասարդ: Նրանք հայտնել են, որ անծանոթ տաքսու վարորդն իրենցից բջջային հեռախոս և գումար է վերցրել:

Պարեկայինն օտարերկրացիներին ուղեկցել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզվել է, որ տաքսու վարորդը չափազանց մեծ գումար է պահանջել ուղևորներից: Նրանք հրաժարվել են վճարել և վարորդը դրա փոխարեն վերցրել է ուղևորուհու բջջային հեռախոսն ու 10000 դրամ: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել:

Տեղեկություններ են ստացվել, որ BMW-ի վարորդը Վաղարշապատում բնակվող 25-ամյա երիտասարդ է: Նույն օրը ժամը 23:20-ի սահմաններում նա հայտնաբերվել է Թամանյան-Իսահակյան խաչմերուկում և բերման է ենթարկվել բաժին: Տուժողին պատճառած ողջ վնասը հատուցվել է: Կատարվում է քննություն: