Տարբերություն չկա՝ խախտում է ադրբեջանցի՞ն, թե՞ տեղացին․ վեճ՝ մարզպետի ու բնակիչների միջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարզպետարանում հանդիպել է ցուցարարների հետ և նշել, որ նրանց պահանջն անօրինական է, այդ իսկ պատճառով էլ չի ընդունվելու, ու ոչ միայն չի ընդունվելու, այլև խստորեն պատժվելու է ցանկացած անօրինական պահանջ։

«Մեզ համար տարբերություն չկա՝ մեր երկրի, պետականության իրավունքը խախտում է ադրբեջանցի՞ն, թե՞ տեղացին, եթե որևէ մեկը այդ պետականությանը դեմ է, ուրեմն Հայաստանի Հանրապետությանը դեմ է, ուրմեն մեր ժողովրդի դեմ է»,-ասել է Չոբանյանը։

«Երեկ մենք ունենինք մաքսիում 50 հոգի մարդ, որոնք ագրեսիվ պնդում էին, ․․․որպեսզի մենք վերացնենք Դիլիջանի անցակետը, որը նշանակում է հետևյալը՝ մենք շարունակելու եք անօրինական անտառահատումը, մենք անօրինական փայտը տեղափոխելու և վաճառելու ենք։ Մենք ասում ենք՝ ո՛չ, ոչ միայն փայտահատությանը, այլև ցանկացած անօրինականությանը։

Երկրորդ օրը հնչեց նույն բանը, երրորդ օրը՝ նույն բանը, և մենք մինչև վերջ պայքարեցինք ու ստիպեցինք մարդկանց, որ հասկանան, որ կատակ չենք անում, որ խոսում ենք պետականության մասին»,-ասել է Չոբանյանը, ապա, դիմելով բողոքող քաղաքացիներից մեկին, ասել է, որ խնդիրը սոցիալական չէ, քանի որ արդեն 2 օր է, ինչ հայտարարում է, որ 200  թափուր աշխատատեղ կա, բայց պատասխան չի ստանում։

«Եթե որևէ մեկը ունենար սոցիալական խնդիր, մինչև հիմա դիմած կլիներ, թող աշխատանք ունեցողները հենց հիմա ցուցակագրվեն, և մենք աշխատատեղով կապահովենք»,-ասել է Չոբանյանը։

«Նրանք, որոնց խնդիրն անօրինականությամբ զբաղվելն է, անօրինական ծառահատում, վաճառք կազմակերպելն է, Հայաստանում անօրինականությունը խթանելն է, կոռուպցիան զարգացնելն է, դուրս եկեք, դուք հիմա 20 հոգով այստեղ կանգնած եք, գիտեմ՝ ինչու եք կանգնած, շրջե՛ք Իջևանի փողոցներում և մարդկանց հարցրե՛ք իրենց կարծիքն այս ամենի մասին: Նրանք կասեն՝ պատժե՛ք այդ մարդկանց, որովհետև իրավունք չունեն մեզ պատկանող անտառը վերացնել», - ասել է Չոբանյանը: