Ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, 2018թ․ մայիսից հետո առաջին նման դեպքն է․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

«Անթույլատրելի է ցանկացած իրավիճակ, երբ ոստիկանության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ և չեն ենթարկվում նրանց օրինական պահանջներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով գտնվում է Իջևանում։

«Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է։ 2018թ․ մայիսից հետո առաջին նման դեպքն է։ Պետք է ամեն ինչ արվի, որ մի կողմից պաշտպանվի քաղաքացիների շահերը, մյուս կողմից՝ ապահովվի օրենքի անվերապահ կատարումը։ Իմ այցելության հիմնական նպատակը դա է»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին՝ երեկոյան, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, այն բանից հետո մի խումբ քաղաքացիներ փակել էին Իջևանի ճանապարհը և պահանջում էին հանդիպում այն անձի հետ, որը հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել: 

Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ մասնակցելու է Տավուշի մարզպետարանում մարզպետի և իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող քննարկմանը։

«Որոշելու ենք մեր հետագա անելիքները, այսօր հարցի լուծումը վերջնական կտրվի, ու իջևանցիները կվերադառնան կյանքի բնականոն ընթացքին։ Մինչև խորհրդակցությունը անելիքների մասին ոչինչ ասել չեմ կարող»,-ասաց նա և բարձրացավ մարզպետարան։