Երևան մեկնող չվերթի ուղևորներից մեկը պատմել է, թե ինչպես է չվերթը դադարեցվել ծխի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 19, 24News

ինքնաթիռ

Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Nordwind ավիաընկերության՝ Երևան մեկնող չվերթի ուղևորներից մեկը պատմել է, թե ինչպես է չվերթը դադարեցվել ծխի պատճառով:

«Օդանավը թռիչքուղու վրա արագություն էր հավաքում, երբ սրահը կտրուկ ծխով լցվեց, բոլորը սկսեցին խուճապի մատնվել, գոռալ, բղավել: Կեցցե օդաչուն, արագ արձագանքեց, ժամանակին կանգնեցրեց ինքնաթիռը: Բոլորին ժամանակին տարհանեցին, հրշեջները ժամանակին վրա հասան… Փա՛ռք Աստծո, բոլորը ողջ-առողջ են, ոչ ոքի ոչինչ չի պատահել»,- պատմել է ուղևորը:

Boeing 737 ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի հետաքննությամբ զբաղվում է «Ռոսավիացիա»-ի հանձնաժողովը: Nordwind ավիաընկերությունը հայտարարել է, որ ուղևորների սրահում «կողմնակի հոտ» է հայտնվել, իսկ թե ինչ է կատարվել իրականում, կսահմանվի հետաքննությամբ:

«Երբեմն պատահում է, որ օդորակման համակարգը սկսում է սրահ ծուխ լցնել, եթե ինչ-որ բան է ընկել շարժչի մեջ, սակայն բանն այն է, որ այդ ժամանակ օդորակման համակարգը դեռևս միացված չի եղել»,- «Комсомольская правда» թերթին հայտնել է ավիափորձագետ Ալեքսանդր Ռոմանովը:

Նա եզրակացրել է, որ ծխի աղբյուրը սրահի ներսում է եղել:

«Այստեղ ամենատարբեր պատճառներ կարող են լինել. գուցե ինչ-որ բան է կատարվել էլեկտրական ցանցում, կամ, օրինակ, ուղևորներից մեկի հեռախոսն է ծխացել»,- հավելել է փորձագետը:

Տեսանյութեր

Live

Լրահոս