Ուկրաինայի նախագահը աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, նախագահի հրամանագիրը ներկայացված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:

Ուկրաինայի նախագահը հուլիսի 19-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ աշխատանքից ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպաններին: Աշխատանքից ազատվել են մասնավորապես ԱՄՆ-ում, Վիետնամում և Կամբոջայի Թագավորությունում, Կիպրոսում, Թուրքմենստանում, Վատիկանում, Մալթայում, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում և Չիլիում, Հորդանանի Թագավորությունում, Նիգերիայում, Գանայում, Բենինում և Սիերա-Լեոնեյում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Մարոկկոյում Ուկրաինայի դեսպանները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին որոշել է աշխատանքից ազատել 12 դեսպանի:

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն հաղորդել էր, որ նախագահը այդպիսի որոշում է կայացրել, քանի որ դեսպանների մեծ մասը «գերազանցել են իրենց ժամկետը»:

Պյոտր Լիտվինը Հայաստանում Ուկրաինայի դեսպան էր նշանակվել 2018թ. հունիսի 19-ին, նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով: