ՀՀ-ի ու Լիբանանի միջև տնտեսական կապերն աճի ներուժ ունեն

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

.

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լիբանանի փոխվարչապետ Ղասան Հասբանիի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով գործընկերոջը՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանի և Լիբանանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության և բարեկամության մթնոլորտում: Հաջողվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն հաստատել, խթանել փոխշահավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և զարգացնել մշակութային ու գիտակրթական կապերը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ առևտրաշրջանառությունը երկրների միջև զգալի աճի հնարավորություններ ունի և առկա է մեծ ներուժ փոխշահավետ ներդրումների համար:

Փոխվարչապետ Ավինյանն առաջարկել է գործարար համաժողովների կազմակերպման, գործարար համայնքների կապերի ակտիվացման և պատվիրակությունների փոխայցելությունների միջոցով անհրաժեշտ հիմքեր ձևավորել Հայաստան-Լիբանան տնտեսական գործընկերության զարգացման համար: Այս համատեքստում կողմերը կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի և դրան զուգահեռ գործարար համաժողովի անցկացումը, որը նոր հեռանկարներ կբացի համատեղ նախագծերի և տնտեսական կապերի ընդլայնման համար:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը լիբանանյան բիզնեսի համար կարող է մուտք ապահովվել դեպի նոր շուկաներ՝ ի շնորհիվ մոտ 180 մլն բնակչություն և 1,8 տրիլիոն ԱՄՆ դոլար ՀՆԱ ունեցող Եվրասիական միությունն անդամակցության ու Եվրասիական միություն-Իրան ազատ առևտրի գոտու հաստատման:

Անդրադառնալով Լիբանանի հայ համայնքին՝ փոխվարչապետ Հասբանին ասել է, որ համայնքն ակտիվորեն ներգրավված է երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում և զգալի ներդրում ունի Լիբանանի գրանցած առաջընթացում:

Տիգրան Ավինյանը նշել է, որ լիբանանահայերը կարևոր կապող օղակ են երկու երկրների միջև, և շնորհակալություն է հայտնել Լիբանանի կառավարությանը մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանման համար լավագույն պայմաններ ապահովելու համար: