ՔԿ նախագահի տեղակալը Ջերմուկի բնակիչների և ՀԿ-ների հետ քննարկել է Ամուլսարի միջադեպը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

.

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը հուլիսի 19-ին ընդունել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչների, ինչպես նաև՝ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել է  2019 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել էին այց Ամուլսարի հանք, սակայն  հանքի շահագործմանը դեմ արտահայտվող քաղաքացիներն արգելել էին խմբի մուտքը հանքի տարածք:

Քննարկման ընթացքում քաղաքացիները վստահեցրել են, որ նախորդ շաբաթ տեղի ունեցածն ուղղված չի եղել նախաքննական մարմնի գործողությունների դեմ, և որ իրենք ևս շահագրգռված են՝ արդյունավետ քննություն կազմակերպելու գործում: Հանդիպման մասնակիցները հայտնել են, որ այսուհետ արգելք չեն հանդիսանա նախաքննական մարմնի գործողությունների իրականացմանը:

Քննարկման ընթացքում քաղաքացիները ներկայացրել են իրենց մտահոգությունները Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման հարցի շուրջ և իրենց հարցերն ուղղել՝ հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը յուրաքանչյուր հարցով ներկայացրել է կոմիտեի դիրքորոշումը և տվել սպառիչ պատասխաններ: Միաժամանակ պարզաբանվել է, որ քննչական գործողություններին խոչընդոտելը նախատեսում է քրեական պատասխանատվություն:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս