Unibank

Unibank Mobile

Իրաքի հետ հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արևելքում ՀՀ-ի առաջնահերթություններից է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

.

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրաքի ծրագրման նախարար Նուրի Ալ-Դուլեյմիի հետ:

Տիգրան Ավինյանն ասել է, որ Իրաքի հետ հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջնահերթություններից է: Զրուցակիցներն արձանագրել են առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացմամբ երկուստեք հետաքրքրվածությունը՝ հատկապես հաշվի առնելով գոյություն ունեցող առևտրաշրջանառության զգալի ծավալները:

Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել՝ Հայաստան-Իրաք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը ձևավորելու և գործարար կապերը ամրապնդելու համար:

Նուրի Ալ-Դուլեյմին հատկապես կարևորել է Հայաստանի ճարտարապետական և շինարարական ընկերությունների մասնակցությունն Իրաքում տեղի ունեցող շինարարական ծրագրերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն ուսումնասիրել այս ուղղությամբ համագործակցության հեռանկարները:

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկրների միջև զբոսաշրջության ակտիվացման կապակցությամբ և միաժամանակ նշել, որ ավիացիոն փոխադրումների հաճախականությունը վերանայման կարիք ունի:

Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի դինամիկ զարգացող ՏՏ ոլորտը՝ մեծ հնարավորություններ կան փոխշահավետ ծրագրեր իրականացնելու առումով, և մեր երկիրը պատրաստ է կիսվել էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների ներդրման իր փորձով: Զրուցակիցները կարևորել են նաև հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը՝ հատկապես ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը:

Տեսանյութեր

Live

Լրահոս