Նոր Արեշում տղան դանակահարել է հորն ու մորը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

դանակահարություն

Հուլիսի 19-ին, ժամը 03.30-ի սահմաններում, ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Նոր Արեշի 16-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, թե տղան հոգեկան հիվանդ է, դանակը վերցրել և մտել է սենյակ, վախենում է, որ իրեն կվնասի:

Ավելի ուշ «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Նոր Արեշի 16-րդ փողոցի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու:

Նա հայտնել է, որ տանը տեղի է ունեցել դանակահարություն: Եվս հինգ րոպե անց նույն բժշկական կենտրոնից նոր հաղորդում է ստացվել. «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, նույն հասցեից, իրենց մոտ է տեղափոխվել 61-ամյա կնոջ դիակ:

Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղան խոհանոցային դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել մորն ու հորը, հետո վնասել է ինքն իրեն և դիմել է փախուստի:

Ոստիկաններին հաջողվել է դեպքի վայրին հարակից տարածքում հայտնաբերել տղային և ժամը 04.55-ին նրան տեղափոխել հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «պարանոցի կտրած-ծակած վերքեր»: Դեպքի վայրի զննությանբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք դանակը: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: