Վրաստանում վթարից հետո վիրահատությունից մեկ շաբաթ անց 17–ամյա Լիլիան ոտքի է կանգնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Հասարակություն

Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված աղջկա ծննդյան օրն է: Նա դարձավ 17 տարեկան: Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Իրեն բուժող բժիշկներն ու ԲԿ-ի տնօրինությունն այսօր նրա համար անակնկալ էին պատրաստել: Ծաղիկներով, փուչիկներով, տորթով ու նվերներով հյուրընկալվել են նրան` ծննդյան օրը տոն դարձնելու համար:

Իսկ ամենամեծ նվերն այն է, որ ողնաշարի ծանր վիրահատությունից մեկ շաբաթ անց աղջիկն առաջին անգամ ոտքի կանգնեց։

«Ես հույս չունեի, որ նորից երբևէ ոտքի կկանգնեմ ու կքայլեմ...», - բժիշկների հետ զրույցում անկեղծացել է Լիլիան:

Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին հանգստի մեկնելու ճանապարհին, Գորիի մոտակայքում վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին: Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։