Հուլիսի 20-ին ծնվել է հայ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 20-ին, Հայ նշանավոր գեղանկարիչ, որմնանկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է։ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչը ծնվել է Ջաջուռում 1928թ․ հուլիսի 20-ին։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։

Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։

Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։

Նկարիչն անդրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապե 1915թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-1967 թվականներին ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտավները։

Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։

1975 Փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 23-ին։