Ազգային ժողովի այգում շախմատային փառատոն է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 20, 24News

.

Հուլիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի այգում  կազմակերպվել է «Շախմատային ծիծեռնակներ» փառատոնը՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան, տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

Խորհրդարանում կազմակերպված միջոցառմանը  մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ավելի քան 120  շախմատասեր երեխաներ ու պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից ու Սփյուռքից:

Շախմատային փառատոնին ներկա է եղել և խաղերի ընթացքին հետևել Սկանդինավյան երկրների շախմատի ֆեդերացիայի նախագահ Վիբեկե Էկելանդ Բրոննը:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը կարևորել է  Շախմատի միջազգային օրվա շրջանակում Ազգային ժողովի կողմից կազմակերպված միջոցառումը՝ նշելով, որ այն նպատակ ունի նպաստելու Հայաստանում  շախմատի առավել տարածմանն ու զարգացմանը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ նման միջոցառումները շարունակական են լինելու, և խորհրդարանը  տարատեսակ մրցաշարերի միջոցով խրախուսելու է սպորտի տարածումը:
Մրցաշարն անցկացվել է   7 տուրով. յուրաքանչյուր պարտիայի համար տրվել է 10 րոպե ժամանակ:

Խորհրդարանի այգում մի քանի ժամ շարունակ  ընթացել է աշխարհի ինտելեկտուալ խաղի սիրահարների մրցապայքարը, որի արդյունքում առաջին երեք տեղերն համապատասխանաբար  զբաղեցրել են պատանի շախմատիստներ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ առաջին տեղ, Ռոբերտ Մուրադյանը՝ երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղն զբաղեցրել է Բենիկ Ագասարովը:

Մրցաշարի հաղթողներին շնորհավորել և մրցանակներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:  

Փառատոնը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար շնորհակալագրերի են արժանացել մրցավարներ Տիգրան Գասպարյանը, Գևորգ Մուրադյանը և Վահագն Խաչատրյանը:

«Շախմատային ծիծեռնակներ»  մրցաշարի կազմակերպմանն աջակցելու համար ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից շնորհակալագիր է ստացել նաև Երևանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Նորայր Քալանթարյանը:

Շախմատի միջազգային օրը տոնում են 1966 թվականից։ Տոնի ստեղծման գաղափարն  հղացել է Շախմատի միջազգային ֆեդերացիան, (ՖԻԴԵ)  որը հիմնադրվել է 1924 թվականի հուլիսի 20-ին՝ Փարիզում։ Ըստ ՖԻԴԵ-ի որոշ տվյալների՝ աշխարհում հաշվառվում է  605 միլիոն մեծահասակ, որոնք անընդհատ շախմատ են խաղում:

Տեսանյութեր

Live

Լրահոս