«Հայաստանը ներդրումների համար լավագույն երկրներից է». բլոգեր Նուսեյր Յասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Հասարակություն

Արաբական ծագումով իսրայելցի բլոգեր Նուսեյր Յասինը (Նաս Դեյլի ) իր ֆեյսբուքյան էջում պատմել է, թե աշխարհի որ չորս երկրներում կարելի է ներդրումներ անել և չկորցնել գումարը:

Բլոգերն առաջին հերթին խորհուրդ է տվել ներդրումներ կատարել Հայաստանում, ուր նա այցելել էր 2018 թվականի ամռանը:

«Հայաստանում ներդրումներ չկատարելու բազմաթիվ պատճառներ կան։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ լեզվով են նրանք խոսում։  Բայց կա մի շատ կարևոր պատճառ, որի համար անհրաժեշտ է ներդրում կատարել այս երկրում, և դա հենց հայերն են, այդ երկրի մարդիկ»,- ասել է բլոգերը:

Նա պատմել է նաև, որ աշխարհում ապրում է ավելի քան 10 միլիոն հայ, որոնք պատրաստ են զարգացնել փոքր հարավկովկասյան երկիրը՝ ներդրումներ կատարելով կրթության, ստարտափների և անշարժ գույքի մեջ:

Յասինի խոսքով՝ Հայաստանում ներդրված 1000 դոլարն ակնթարթորեն տասն անգամ կավելանա:

Բլոգերը խորհուրդ է տվել ներդրումներ կատարել նաև ԱՄՆ-ի Յուտա նահանգում, Սինգապուրում և Շրի Լանկայում: