Նախշուն Տավարացյանի լիազորությունները, որպես ԲԴԽ անդամ, այսօրվանից դադարեցվում են

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 22, 24News

1

Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված Նախշուն Տավարացյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ այսօրվանից դադարեցվում են, տեղեկանում ենք ԲԴԽ լրատվական ծառայությունից։

«Հաշվի առնելով ԲԴԽ-ի՝ որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի դերակատարությունն ու Խորհրդի կողմից կայացվելիք որոշումների հեղինակությունը որևէ ողջամիտ կամ մտացածին ենթադրություններով ստվերելու անթույլատրելիություն, կարևորելով Խորհրդում աշխատանքները համերաշխության ու վստահության մթնոլորտում իրականացնելու անհրաժեշտությունը հրաժարական եմ տալիս՝ որպես ԲԴԽ անդամ և գտնում, որ իմ գործունեությունը շարունակելով որպես Վճռաբեկ դատարանի դատավոր էլ ավելի կբարձրացնեմ դատական իշխանության հեղինակությունն ու արդարադատության արդյունավետությունը», - գրել էր Տավարացյանը իր հրաժարականի նամակում։

Ըստ սահմանված ընթացակարգերի՝ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցված լինելու դեպքում ԲԴԽ-ն գրավոր դիմում է ուղարկում Վճռաբեկ դատարանի նախագահին՝ ԲԴԽ-ում թափուր տեղ առաջանալու մասին։ Այդ դիմումից հետո մեկամսյա ժամկետում Վճռաբեկ դատարանի նախագահը Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրում, որի ընթացքում էլ փակ քվեարկությամբ ընտրվում է ԲԴԽ անդամի թեկնածու։