Օպերայի քանդված սրճարանների տարածքում աշնանը ժամանակավոր տնկիներ կտնկեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Հասարակություն

Օպերայի տարածքում քանդված սրճարանների տեղում խոստացված ծառատունկը Երևանի քաղաքապետարանը կիրականացվի աշնանը։ 24News-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գևորգ Նավասարդյանը։  

«Պլանավորում ենք տնկել մշտադալար տնկիներ՝ կանաչ և ոսկեգույն, սակայն դեռ պետք է ընտրել կոնկրետ տեսակները։ Այս պահին հստակ որոշում չկա, դեռ քննարկվում է»,-ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք ամռանը Երևանի նման շոգ կլիմա ունեցող քաղաքում նպատակահարմար է տնկել տնկիներ, որոնք որևէ կերպ չեն զովացնի տարածքը, քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանեց, որ դրանք տնկվելու են ժամանակավոր։

«Հետագայում, երբ Օպերայի տարածքի բոլոր սրճարանները քանդվեն, այդ ժամանակ կորոշվի, թե ինչ կերպ պետք է կանաչապատել ամբողջ տարածքը և ինչ ծառեր տնկել։ Աշնանը դրանք կտնկվեն ժամանակավոր։ Չեմ ասում՝ մեկ շաբաթ հետո հանվելու են, բայց նկատի ունեմ, որ տնկիները կմնան այնքան ժամանակ մինչև կքնադվեն մյուս սրճարանները ևս»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ դեռ հունվար ամսին քաղաքապետարանի որոշմամբ քանդվեցին Օպերայի տարածքում գործող մի քանի սրճարաններ, սակայն որոշները շարունակում են գործել մինչ օրս՝ գործը գտնվում է դատարանում։