Ղազախստան եմ մեկնելու՝ աշխարհի քառակի չեմպիոն դառանալու․ Արթուր Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 24, 24News

1

«Տոկիո-2020-ին մնաց ուղիղ մեկ տարի։ Մեկ տարի անց Ճապոնիայի մայրաքաղաքում աշխարհի  հարյուրավոր  երկրների հազարավոր մարզիկներ կպայքարեն բաղձալի՝ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար։ Տոկիո-2020-ի մեկնարկից ուղիղ մեկ տարի առաջ ՀԱՕԿ լրատվականը զրուցեց Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հետ»,- գրում է ՀԱՕԿ կայքը:

Արթուրը չէր հիշում, որ խաղերի մեկնարկին մնացել է ուղիղ մեկ տարի, չնայած որ ամիսը հիշում էր․ «Գիտեի, որ  Օլիմպիական խաղերը մեկնարկելու են հուլիսին, բայց կոնկրետ  օրը չէի հիշում»,-ասաց նա։ Տոկիո-2020-ը Արթուրի 3-րդ Օլիմպիական խաղերն են։ Նա  պատմում է, որ բոլոր խաղերին էլ նույն կերպ է պատրաստվում․ «Այս անգամ միակ առանձնահատկությունն այն է, որ    խաղերին արդեն Օլիմպիական  չեմպիոնի կարգավիճակում պետք է գնամ»: Այն հարցին, թե արդյո՞ք դա ավելի պարտավորեցնող է, նա պատասխանեց․ «Կապ չունի Օլիմպիական խաղեր են, աշխարհի, թե Եվրոպայի առաջնություն, ինձ համար բոլորն էլ շատ պարտավորեցնող են, քանի որ  բոլորը միայն ոսկե մեդալի ակնկալիք ունեն ինձնից»:

2018 թվականի աշխարհի առաջնությունում պարտությունից հետո Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում հաղթանակը Արթուր Ալեքսանյանի առաջին լուրջ հաջողությունն էր։ Արթուրի հաղթական վերադարձը վերջ դրեց այն խոսակցություններին, որ հայ ըմբիշը  կորցրել է երբմենի որակները և այլևս նրա համար պայքարելը շատ բարդ է լինելու. «2018 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնության ժամանակ վնասվածքս  շատ է խանգարել ինձ։ Այն խոսակցություններին, թե այլևս առաջվանը  չեմ, ուշադրություն էլ  չեմ դարձնում, ես գիտեմ, ներքուստ զգում եմ, որ  կարող եմ և շարունակելու եմ գոտեմարտել։ Եվրոպական խաղերում հաղթանակս ապացույց էր, որ շատ անտեղի են այդպիսի խոսակցությունները և կարծիքները»:

Մինչ Եվրոպական խաղերի մեկնարկը Արթուր Ալեքսանյանը մասնակցել էր Ղազախստանում կայացած միջազգային մրցաշաարի և հաղթել էր։ Հայ ըմբիշը շեշտում է, որ դա նույնպես ուժեղ մրցաշար էր․ «Ղազախստանի մրցաշարը, միջազգային մրցաշարերի մեջ համարվում է ամենաուժեղներից մեկը: Այնտեղ ես նույնպես հանդիպել եմ հիմնական մրցակիցներիս և հաղթել»: Մինսկում կայացած բոլոր գոտեմրատերից Արթուրը առանձնացրեց առաջինը․ «Ինձ  համար ամենադժվարը  միշտ առաջին գոտեմարտն է  ստացվում,  դրանից հետո ավելի բացվում եմ, իսկ առհասարակ կարող եմ նաև եզրափակիչը առանձնացնել»:

Սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում տեղի կունենա  վարկանիշային աշխարհի առաջնությունը։ Այդ առաջնությանը  Օլիմպիական չեմպիոնը պատրաստվում է  թիմի հետ։ Այս պահին նրանք գտնվում են մարզումային ծանրաբեռնված փուլում։ Խոսակցության վերջում հայ ըմբիշն ասաց, որ  էական չէ, թե ում կհաղթի  աշխարհի առաջնությունում (2018 թվականին նա  կիսաեզրափակչում պարտվել էր  Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին), կարևորը վերջնական արդյունքն է․ «Ղազախստան եմ մեկնելու, ոչ թե աշխարհի չեմպիոնի տիտղոսը հետ բերելու, այլ  աշխարհի քառակի չեմպիոն դառանալու, իսկ թե այդ ճանապարհին ում կհաղթեմ, ինձ համար կարևոր չէ»,- խոսքը եզրափակեց նա։ 
 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news