ՀՀ-ում գործող աղբանոցները և աղբավայրերը կքարտեզագրվեն․ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

hh

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև հուլիսի 24-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ուղղված Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների գոյացման և հավաքման տվյալների շտեմարանի ու քարտեզի կազմմանը: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը:

Փոխնախարար Վաչե Տերտերյանը կարևորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի գիտական ներուժի  և  միջազգային փորձի կիրառումն  աղբի կառավարման գործընթացներում, հույս հայտնելով, որ այս հուշագրի ստորագրումն արդյունավետ և համապարփակ համագործակցության մեկնարկ կհանդիսանա:  Փոխնախարարը նշել է, որ ինտերակտիվ քարտեզը  ոչ միայն ռազմավարական, այլ նաև  մարտավարական կառավարման լավ գործիք  կհանդիսանա   հատկապես այս փուլում, երբ գործուն քայլեր են իրականացվում Գեղարքունիքի և  Կոտայքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի իրականացման ուղղությամբ:

Իր հերթին, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը գոհունակություն է հայտնել նման համագործակցության առիթով՝ նշելով, որ միջազգային փորձի կիրառումը լրացուցիչ աջակցություն կհանդիսանա ծրագրի  դրական արդյունքներ ապահովելու համար:

Պիլոտային հիմունքներով իրականացվող նախագծի շրջանակներում կքարտեզագրվեն Հայաստանում գործող աղբանոցները և աղբավայրերը։ Շտեմարանը կներառի աշխարհագրական տեղեկատվություն աղբավայրերի մասին: Նախատեսվում է նաև մարզերից համապարփակ տեղեկատվություն հավաքել աղբահանության առկա գործելակերպերի վերաբերյալ, ինչը կնպաստի որոշումների ընդունման գործընթացի արդյունավետության բարձրացմանը։ Ակնկալվում է, որ տվյալների շտեմարանը և քարտեզը կանոնավոր կերպով՝ տարեկան երկու անգամ, կթարմացվեն: