Դատական նիստին պարզ եղավ քննիչի և դատախազների փնթի աշխատանքը. Լևոն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը բավարարված է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշումից։

«Վերաքննիչ դատարանն օրինաչափ որոշում է կայացրել։ Դատական նիստում պարզ եղան թույլ տրված ապօրինությունները, քննիչի փնթի աշխատանքը, որը պետք է վերահսկեին դատախազները, և նաև դատախազների փնթի վերահսկողությունը»,–ասել է Լևոն Քոչարյանը՝ նշելով, որ վերջնական բավարարված կլինեն այն դեպքում, եթե բոլոր խախտումները, որոնք այս մեկ տարվա ընթացքում թույլ են տրվել Քոչարյանի գործով,  կվերացվեն։

Լևոն Քոչարյանը նաև նշել է, որ այս ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, օրինակ՝ անհիմն կալանք է դրվել նաև իր ու եղբոր հաշիվների վրա․ «Երբ բողոքարկեցինք դատախազին, իմ մասով հանեցին, իսկ եղբորս մասով՝ ո՛չ։ Սակայն միայն 4-5 ամիս իմ հաշիվներն ու գույքն է եղել կալանքի տակ բացարձակ ապօրինի հիմքով։ Հիմնավորումն այն էր, որ այն ինչ–որ մենք ունենք, մերը չէ, այլ Ռոբերտ Քոչարյանինն է, դրա համար դնում ենք, բայց մենք տեսանք, որ այն ինչ արվել է Ռոբերտ Քոչարյանի գույքի հետ, ապօրինի է»։

Հարցին, թե ներկայումս ֆինանսական խնդիրներ ունե՞ն, Լևոն Քոչարյանը պատասխանել է. «Չունենք։ Հայրս պարզապես ասաց, որ կցանկանար իր միջոցներով իրականացնել իր պաշտպանությունը»։

Իսկ թե ի՞նչ միջոցներով են վճարում դատական ծախսերը, Լևոն Քոչարյանը ասել է, որ չգիտի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշում է կայացրել մերժելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը, իսկ առաջին ատյանի դաստարանի՝ հունիսի 7–ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ։