«Սևան» պարկում ապօրինի շինաշխատանքները կանխելու համար համատեղ հսկողություն կսահմանվի

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 25, 24News

1

 ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման պետ Կամո Եդոյանը հանդիպել է Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի հետ:

Ինչպես տեղեկացանք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից, հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Գևորգ Խաչատրյանը: 
Քննարկվել են Տեսչական մարմնի ենթակայության տակ գտնվող ոլորտներում արձանագրված մի շարք օրակարգային խնդիրներ՝ կապված մարզի տարածքում գործող 15 ներմարզային ավտոբուսային, միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետների, ինչպես նաև ինքնակամ շինարարական աշխատանքները կանխելու գործընթացի վերաբերյալ:
Որոշվել է իրականացնել 2018-2019 թթ. համայնքներում կատարված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիան ծրագրերով իրականացված շինարարությունների ուսումնասիրություն:

Անդրադարձել են Գեղարքունիքի մարզում գործող ԱԳԼՃԿ-ների շահագործման հարցին: Որոշվել է Տեսչական մարմնի կողմից սահմանել կամ ԱԳԼՃԿ-ների շահագործման ընդհանուր չափորոշիչներ, կամ կառավարությունում հարց բարձրացնել ամբողջ հանրապետության տարածքում դրանց շահագործումը դադարեցնելու հարցի լուծման վերաբերյալ: 
Օրակարգի մյուս հարցը «Սևան» ազգային պարկի տարածքում ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու նպատակով համատեղ հսկողություն սահմանելն է:

Հանդիպման ժամանակ որոշվել է «Սևան» ազգային պարկի տնօրենին հանձնարարել, որպեսզի վերջինս Սևանի ավազանում գործող հանրային և մասնավոր լողափերի տարածքում շահագործվող լողամիջոցների վարձակալներին և/կամ սեփականատերերի շրջանում իրականացնի իրազեկման աշխատանքներ՝ լողամիջոցների շահագործման կարգի վերաբերյալ: Արդյունքում, բոլոր այն լողամիջոցները, որոնք հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, անպայման պետք է գրանցված լինեն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, անցկացնեն ամենամյա փորձաքննություն և շահագործվեն միայն դրական եզրակացության առկայության դեպքում:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մարզում առկա խնդրահարույց հարցերին լուծում տալու և արդյունավետ աշխատանք իրականացնելու համար Տեսչական մարմնի և մարզպետարանի ներկայացուցիչների միջև պետք է պարբերաբար տեղի ունենան նման ձևաչափի հանդիպումներ: