«Հիմա ո՞նց չասես. բա Սերժի ժամանակ խի՞ չէիք խոսում»․ Աշոտյանը՝ ԱԱԽ քարտուղարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 26, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը։ Գրառումը՝ ստորև․

«Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը ավելի մեծ բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, քան ապրիլյանը: Մտքի կոնտեքստից հասկացվում է, որ խոսքը գնում է տնտեսական ազդեցության մասին:

Իրականում, 2008 թվականի օգոստոսյան պատերազմը հսկայական հարված հասցրեց Հայաստանի տնտեսությանը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ առումով: Հյուսիսային տրանսպորտային միջանցքների ֆիզիկական ու քաղաքական խաթարումը և տարածաշրջանային անվտանգային միջավայրի խաթարումը չէին կարող անհետևանք մնալ մեր տնտեսության համար:

Սրան գումարեք նաև 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը և մարտի 1-ից հետո երկրում ստեղծված մթնոլորտը ու կհասկանաք, որ Սերժ Սարգսյանի առաջին ժամկետի պաշտոնավարումը տեղի էր ունենում Հայաստանի պետականության համար փորձությունների ժամին: Կհասկանաք, թե ի՞նչ պայմաններում, միջավայրում և ի՞նչպես հաջողվեց նվազագույնի հասցնել այդ գործընթացների բացասական հետևանքները, ինչպե՞ս չեզոքացվեցին բազմաթիվ այլ սպառնալիքներ:

Պարզապես այն ժամանակ այսօրվա իշխանավորները միտումնավոր սրում էին իրավիճակը, հեգնում, երբ ասում էինք, որ Հայաստանին լուրջ վնասներ են պատճառվել:
Բա այսքանից հետո հիմա ո՞նց չասես. բա Սերժի ժամանակ խի՞ չէիք խոսում: