Տնօրեն Լիլիա Հարությունյանը չի եղել նախկին վարչակազմի նվիրյալը․ ուսուցիչների բաց նամակը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 26, 24News

1

Լոռու մարզի Ստեփանավանի Սբ. Գրիգոր Լուսավորչի անվան N 2 հիմնական դպրոցի աշխատակազմն այսօր բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք ակնկալում են վարչապետի աջակցությունը, որպեսզի դպրոցի տնօրենի պաշտոնում շարունակի մնալ 20 տարի պաշտոնավարած Լիլիա Հարությունյանը։

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մենք՝ Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցի աշխատակազմի անդամներս, օգտվելով մեր քաղաքացիական իրավունքից, ակնկալում ենք Ձեր աջակցությունը:

Հուլիսի 23-ին նշանակված էր Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթը, որին պետք է ներկայանային կառավարման խորհրդի ութ անդամները, սակայն նրանցից երեքը չներկայացան (Լոռու մարզպետի ներկայացուցիչները եւ ԿԳՄՍ նախարարի ներկայացուցիչը): Այդ օրը խորհուրդը իրավազոր չէր մրցույթն իրականացնելու: Ըստ գործող կարգի, մրցույթը հետաձգվեց երկու օրով: Պատմությունը կրկնվեց. խորհրդի նիստին չներկայացան նույն մարդիկ:

Ո՞րն է նրանց պարտականությունը. մեջբերում դպրոցի կանոնադրությունից ՝ «դպրոցի կառավարման խորհրդի անդամը պարտավոր է սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի եւ կրթության արդյունավետության»:

Դպրոցի կառավարման խորհուրդը որոշել է ըստ գործող կարգի հայտարարել նոր մրցույթ. դիմել մարզպետին՝ նոր գործընթաց սկսելու համար:

Մենք չենք պարտադրում նրանց մեր կամքը, միայն ուզում ենք, որ սահմանված կարգով ապահովեն իրենց ներկայությունը խորհրդի նիստերին, հատկապես այս պատասխանատու պահին: Պարզ երեւում է, որ միտումնավոր է արվում, որպեսզի մրցույթը չկայանա, քանի որ հավակնորդներից մեկը մեր դպրոցի տնօրենն է՝ Լիլիա Հարությունյանը: Ո՞րն է պատճառը, չենք հասկանում: Նման վերաբերմունքը վիրավորում է ամբողջ կոլեկտիվին:

Մեր տնօրենը բանիմաց, իր գործին նվիրված, թեˊ ծնողների, թեˊ աշակերտների, թեˊ կոլեկտիվի կողմից հարգանք վայելող, խելացի, իր գործին տիրապետող տնօրեն է: Նա միշտ ջանացավ է եւ հոգատար բոլորի նկատմամբ, միեւնույն ժամանակ խստապահանջ է, հետեւողական:

Նա հմտորեն է ղեկավարում կոլեկտիվը, ունի հարուստ գիտելիքներ, իր փորձով, գիտելիքներով ու կարողություններով ուղղորդում է ուսուցիչներին, ապահովում է յուրաքանչյուրիս մասնագիտական աճը:

Լիլիա Հարությունյանը չի եղել նախկին վարչակազմի նվիրյալը, իր կամքը երբեք չի թելադրել ուսուցիչներին, ընտրությունների ժամանակ չի բռնացել որեւէ մեկիս վրա: Թավշյա հեղափոխության ժամանակ առաջինն էր քաղաքում, որ իր կոլեկտիվի հետ մասնակցեց ցույցերին՝ ակնկալելով արդարություն եւ մարդասիրություն:

Այսօր մենք խնդրում ենք, որ Ձեր օգնությունը ցուցաբերեք, հաշվի առնեք կոլեկտիվի խոսքը: Նախապես շնորհակալ ենք եւ հավատով սպասում ենք Ձեր արձագանքին»։