Կարի ֆաբրիկայի նախկին աշխատակիցները դիմել են ՄԻԵԴ, պահանջում են 6 տարվա աշխատավարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 26, 24News

1

«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի նախկին 22 աշխատակիցները խմբակային հայցով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վճարել 6 տարի առաջ սնանկ ճանաչված ընկերության աշխատակիցների աշխատավարձերը։ Հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է աշխատակիցների ներկայացուցիչ, փաստաբան Արտավազդ Պետրոսյանը։

Փաստաբանը նշել է, որ ՀՀ-ն 2005-ին ընդունել է գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության մասին կոնվենցիան, որը սահմանում է, որ գործատուի անվճարունակության դեպքում աշխատողները ունեն արտոնյալ պայմաններում իրենց աշխատավարձերի վճարման իրավունք։

«Կոնվենցիան սահմանում է, որ եթե գործատուն անվճարունակության հետևանքով ի վիճակի չէ վճարելու աշխատողների աշխատավարձը, այդ դեպքում վճարումները պետք է կատարվի երաշխիքային հաստատությունների միջոցով, պետք է վճարվի 8 շաբաթվա աշխատավարձը, 6 ամսվա արձակուրդային վճարները և արձակման նպաստը»,-ասել է փաստաբան և նկատել, որ 2005-ից երաշխիքային հաստատություններ չեն գործում, ուստի կառավարությունը ցուցաբերել է անգործություն և չի կատարել կոնվենցիայի պահանջները։

«Դրա համար միաժամանակ դիմել ենք ՄԻԵԴ եւ Երևանի ընդհանուր իրավասության դատարան»,-ասել է փաստաբանը և կառավարությանը հորդորել հնարավորինս սեղմ ժամկետում վճարել կարի ֆաբրիկայի համապատասախան աշխատավարձերը։ Նա նաև նշել է, որ հայցադիմումը ստանալուց հետո ՀՀ-ի անունից ի պաշտոնե հանդես եկող Ֆինանսների նախարարությունը շուտափույթ պետք է միջոցներ ձեռնարկել, սակայն որեւէ բան չի արել։

«6 տարի է մեր հարցը չի լուծվում, 6 տարի է մեր հարցը ոչ մեկին պետք չէ, ոչ ոք այս հարցին լուծում չի տալիս, ոնց առաջ էր, այդպես էլ հիմա է։ Հիմա տվել ենք դատարան, տեսնենք արդյունքն ինչ կլինի»,-ասել է Կարի ֆաբրիկայի նախկին աշխատակից Գոհար Թամամյանը, ապա հավելել, որ երբ ընկերությունը սնանկ է ճանաչվել, աշխատողներին ասել են, որ մինչեւ վերջին կոպեկը մարդիկ ստանալու են, սակայն այդպես էլ չի վճարվել նրանց։

«Դիմել ենք վարչապետին, հանդիպել ենք աշխատակազմի ղեկավարի հետ, կառավարության դիմացը դարձել էր մեր աշխատատեղը»,-ասել է Կարի ֆաբրիկայի նախկին աշխատակիցը։