«Շիրակ» սուպերմարկետի տնօրենը և աշխատակիցները փորձել են թաքցնել ժամկետանց սննդամթերքը

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

1

Մայրաքաղաքում գործող առևտրի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու, ինչպես նաև բնակիչներին սննդային թունավորումներից զերծ պահելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել:

Ձեռնարկված միջոցառումների ընթացքում հուլիսի 26-ին վարչության աշխատակիցները Սունդուկյան փողոցի թիվ 9 հասցեում գործող՝ «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերությանը պատկանող «Շիրակ» սուպերմարկետում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած բազմատեսակ և բազմաթիվ ապրանքներ, մասնավորապես, սննդամթերք։

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Շիրակ» սուպերմարկետի տնօրենը և աշխատակիցները փորձել են թաքցնել նշված ապրանքները, ինչից և պարզ է դարձել, որ վերջիններս գիտակցաբար իրացնում են ժամկետանց սննդամթերք։

«Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ  առանց պիտանիության ժամկետի կամ ժամկետն անցած ապրանքների իրացումից»,- նշված է հաղորդագրության մեջ։