ԲԴԽ-ն դատարանների նախագահներին խնդրել է ներկայացնել ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ վճիռների վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

1

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) բոլոր դատարանների նախագահներին գրություն է ուղարկել և խնդրել ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ կայացված վճիռների վերլուծությունը: Պետք է հասկանալ՝ ինչ համակարգային բաց կա, ասել է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը:

«Հիմնականում, եթե ես հակիրճ ներկայացնեմ, գործ ունենք կա՛մ արդար դատաքննության իրավունքի խախտման հետ, կա՛մ սեփականության պաշտպանության խախտման հետ և սեփականության իրավունքի խախտման հետ: Երկուսն էլ հիմնարար իրավունքներ են, և եթե դիտարկում ես այս խնդիրները, ապա Երևանի փոքր կենտրոնի, Թեղուտի և մի շարք այլ խնդրահարույց դեպքերում այս երկու հիմնարար իրավունքների խախտումներն է արձանագրում ՄԻԵԴ-ը», - «Ազատության» հետ զրույցում նշել է Հովհաննիսյանը:

Մինչ այդ, ՄԻԵԴ-ի հուլիսի 25-ի վճռով Հայաստանը պարտավոր է եռամսյա ժամկետում 83-ամյա Յուրի Վարդանյանին փոխհատուցել 1 միլիոն 608 հազար եվրո։ Բարձր դատարանը դեռ 2016-ի վճռով էր արձանագրել, որ քաղաքացին զրկված է եղել արդար դատավարության և սեփականությունը պաշտպանելու իրավունքից: Բացի այդ, շեշտվել է, որ Վճռաբեկ դատարանի այն ժամանակվա նախագահ Արման Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել: 2008 թվականից Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մկրտումյանը տասը տարի պաշտոնավարելուց հետո հրաժարականի դիմում ներկայացրեց հեղափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսին: Չնայած ստրասբուրգյան դատարանի հայտնած կասկածին՝ Մկրտումյանի անաչառության վերաբերյալ հարցը քննության առարկա դարձնելու իրավազորություն ԲԴԽ-ում ներկայումս չունեն:

«Մենք էստեղ ունենք մի քանի խնդիրներ, առաջինը օրենսդրական կարգավորումն է: Նախկին Դատական օրենսգիրքը թույլ էր տալիս և նախատեսում էր ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքում դատավորին պատասխանատվության ենթարկել կարգապահական, ներկայիս Դատական օրենսգիրքը այդ հնարավորությունը մեզ չի ընձեռում, քանի որ այնտեղ ասվում է, որ եթե դատական վարույթից և դատական ակտի կայացումից անցել է հինգ տարի ժամկետ, ապա կարգապահական վարույթ չի կարող հարուցվել: Հաճախ նաև այս երկար ժամանակահատվածի տևողությունը, կարծում եմ, որ նախկին որոշ պաշտոնյաների հույս էր տալիս, որ՝ «մենք այսօր այդ խախտումը անենք, առերևույթ խախտումը անենք, իսկ հետո Աստված մեծ է, մի բան կլինի»», - ասաց ԲԴԽ անդամը՝ շարունակելով․ - «Ես գիտեմ, որ այժմ Արդարադատության նախարարությունը մշակում է Դատական օրենսգրքի փոփոխություն, որով վերականգնվում է այդ հնարավորությունը Բարձրագույն դատական խորհրդի համար, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների արդյունքում դատավորները հնարավոր է, որ ենթարկվեն կարգապահական պատասխանատվության»:

Մարտի 1-ի գործով կալանավորված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար, համաձայն ՄԻԵԴ-ի մի շարք վճիռների՝ քաղաքացիների իրավունքների խախտմամբ, Երևանի կենտրոնի մի շարք հատվածներ օտարվեցին: Ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում ՄԻԵԴ-ից նոր վճիռներ կլինեն քաղաքացիների նույնանման դիմումների հիման վրա: ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի և կպարզի այս որոշումների բոլոր պատասխանատուներին՝ Կառավարությունից մինչև Վճռաբեկ դատարան: