Դեմ եմ քվեարկելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը․ Արման Բաբաջանյան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 30, 24News

Արման

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ստամբուլյան կոնվեցիայի շուրջ ստեղծված քննարկումներին։ Բաբաջանյանի գրառումը՝ ստորև․

«Դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, բայց...

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ բորբոքված կրքերը մեր հասարակությանը բաժանել են երկու՝ կոնվենցիային կողմ և դեմ մասերի:

Հակասությունն ու հակադրությունն այս հարցում չափազանց սուր է՝ կոնվենցիային կողմ հանդես եկողները իրենց փաստարկներում հասնում են ծայրահեղությունների՝ մի կողմից, դրան ընդդիմացողները նույնքան ծայրահեղ են՝ մյուս կողմից: Իրականությունը, ինչպես սովորաբար լինում է, մեջտեղում է: Այո, կոնվենցիայում կան մեր արժեհամակարգին ու մտածողությանը խորթ, անհարիր դրույթներ, որոնք կարող են վտանգել մեր ավանդական արժեքները:

Հենց դրա վրա են հիմնվում իշխանության հակառակորդները՝ ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդելով շիկացնելով այս թեման: Արդյունքում կոնվենցիայի վերաբերյալ առողջ բանավեճի փոխարեն մենք ականատեսն ենք լինում գռեհկության աստիճանի իջեցված քննարկումների ու մանիպուլյացիաների, որոնք հաճախ ընդհանրապես կապ չունեն կոնվենցիայի հետ: 

Ինքս դեմ եմ քվեարկելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՝ առաջնորդվելով ոչ թե սպեկուլյատիվ քննարկումներում հնչող կեղծ թեզերով, այլ կոնվենցիայի վավերացման անթույլատրելիության մասին Հայ առաքելական եկեղեցու ներկայացրած փաստարկներով, որոնք, ի դեպ, գրեթե չեն էլ քննարկվում կոնվենցիայի շուրջ ծավալվող բանավեճերում: Դեմ լինելով Ստամբուլյան կոնվենցիային՝ որպես ԱԺ պատգամավոր ամեն ինչ անելու եմ ընտանեկան եվ կանանց դեմ բռնության կանխարգելման, կանանց իրավունքների պաշտպանության ազգային օրենսդրությունը կատարելագործելու, այն ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար։

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է նախորդ իշխանությունների կողմից: Նոր Հայաստանի նոր իշխանությունը կարող է և պետք է հրաժարվի դրա վավերացումից՝ հղում կատարելով մի կողմից՝ հասարակության մեջ առկա մտահոգություններին, մյուս կողմից՝ նախկին իշխանության ոչ լեգիտիմությանը: Մենք պարտավոր ենք մեր բոլոր քայլերում առաջնորդվել հասարակական համերաշխության ապահովման հրամայականով:

Անթույլատրելի է որևէ գործողություն, որը նպաստում է առանց այն էլ երկփեղկված մեր հասարակության պառակտմանը:

Որևէ միջազգային կոնվենցիա չունի և չի կարող ունենալ ավելի բարձր արժեք, քան մեր հանրային համերաշխությունն է»։