ԵԿՄ նոր շեֆության հետաքրքիր «մարտական ձեռքբերումները»․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

1

«Իրավունքի» հավաստի տեղե­կությունների համաձայն, «Հայավտոկայարան ՓԲԸ»–ի տնօրինությունը ընդամե­նը մի քանի օր առաջ 300 հազար դրամ վարձավճարի դիմաց Արմավիրի ավտոկայարանի տա­րածքի մի զգալի մաս հատկաց­րել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանին այն շահագործելու նպատակով։ Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները, եւ եթե իրականում այդպես է, ապա ի՞նչ հիմունքներով է այն տրվել նախկին պատ­գամավորին, ի՞նչ բիզնես է փորձում ավտո­կայանում հիմնել նախկին պատգամավորը։ Հարցերի պատասխանը փորձեցինք ստա­նալ «Հայավտոկայարան ՓԲԸ»–ի տնօրեն Աշոտ Մնացականյանից, ով, ըստ էության, չհերքեց լուրը, նկատելով. «Ներդրումային ծրագիր է ներկայացվել եւ ես գիտեմ, որ Գասպարյան է ազգանունը»։ 

Իսկ ահա նախկին պատգամավորը, չգի­տես ինչու, նյարդայնացավ մեր հարցից ասելով. «Այ քեզ բան, ինչի մի թեմա եք գտել մի կտոր տարածք ա, ինչի մի գրելու բան եք գտել..»։ 

Մի կտոր տարածք է, թե ինչ, հարցի մի կողմն է։ Իսկ մյուս կողմն այն է, որ այդ տա­րածքը մեր որոշ աղբյուրներ համարում են միանգամայն եկամտաբեր։ Վերջապես, պա­կաս կարեւոր հարցադրում չէ, թե պարոն Գասպարյանը կոնկրետ որ մրցույթում է նման հարմարավետ գնով շահել այդ տա­րածքի վարձակալությունը, թե՞ ոչ մի մրցույթ էլ չի եղել։ 

Ի դեպ, մեր որոշ աղբյուրներ ակնարկում են, որ պարոն Գասպարյանն ամենեւին էլ «օդից» չէ, որ ստացել է այդ բիզնեսը։ Հիշեց­նենք, պարոն Գասպարյանը արցախյան ազատամարտի հայտնի ներկայացուցիչնե­րից է։ Անցած տարի, Մանվել Գրիգորյանի պաշտոնանկությունից հետո, երբ խո­սակցություններ կային, որ ԵԿՄ նա­խագահությունը կարող է ստանձնել Արամ Սարգսյանը, Գասպա­րյանը դրան կտրուկ դեմ գնա­ցողներից մեկն էր։ Նա մինչեւ իսկ առիթ ունեցավ հայտարա­րել, թե այլեւս չի ուզում վերա­դառնալ ԵԿՄ, անգամ համագոր­ծակցել։ Միաժամանակ «Ազա­տամարտիկների դաշինքի» հետ միասին առաջարկում էր, որ ԵԿՄ-ն նախագահ չունենա, այլ լինի համա­կարգող խորհուրդ։ Չնայած դրան, Գասպա­րյանը, ով Սասուն Միքայելյանի մտերիմնե­րից մեկի համարում ունի, ԵԿՄ ղեկավար կազմի առնչությամբ իր վերաբերմունքը կտրուկ փոխեց, երբ հայտնի դարձավ, որ ոչ թե Արամ Զավենիչը, այլ Սասունն է լինելու ԵԿՄ նախագահ։ Դրանից հետո Գասպարյա­նը նաեւ ընդգրկվեց ԵԿՄ վարչության կազ­մում եւ այսօր այդ կառույցի փաստացի ղե­կավար կորիզի անդամներից մեկի համա­րում ունի։ Եվ այս պարագայում 300 հազար դրամով , այսինքն` մի միջին բնակարանի վարձավճարի չափով Արմավիրի ավտոկա­յանի զգալի մասին վարձակալ դառնալն ար­դեն ֆանտաստիկայի ժանրի տպավորու­թյուն չի՞ թողնում։ 

Բայց այստեղ մեկ մեծ հարց, ուրեմն ի՞նչ փոխվեց։ Որ մի անձի փոխարեն մյո՞ւսն է հայտնվել իշխանական կերատաշտի մոտ ու իր համար համեղ պատառներ է պոկում։ Ընդ որում, անձինք, ովքեր ժամանակին էլի այդ կերատաշտի մոտ գտնվելու առիթ ունեցել են։ Ուրեմն սա՞ էր «հեղափոխական արդա­րությունը»։ 

Իսկ թե ԵԿՄ նոր շեֆությունն ուրիշ ինչ նման հետաքրքիր «մարտական ձեռքբե­րումներ» ունի, կներկայացնենք առաջիկայում։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: