Ջհանգիրյանն իրեն ազատազրկման դատապարտելու գործով 10 տարի անց վճռաբեկ բողոք է ներկայացրել

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

Գագիկ

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն իրեն 2009 թվականին 3 տարի ազատազրկման դատապարտելու դատական ակտի դեմ 10 տարի անց՝ 2019 թ.-ի հուլիսի 16-ին, վճռաբեկ բողոք է ներկայացրել: Այդ մասին 24News-ը տեղեկացավ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից:  

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2008-ի փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին Գագիկ Ջհանգիրյանը,  չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, ձեռքով հարվածել է վարչության աշխատակից Արման Հարությունյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, պատռել նաև Տիգրան Աղվանյանի համազգեստը:

Այսպիսով, Գ. Ջհանգիրյանը կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Խոսքը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2009 թվականի մարտի 23-ին կայացրած վճռի մասին է, համաձայն որի՝ նախկին զինդատախաղ Գագիկ Ջհանգիրյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և դատապարտվել 3 տարվա ազատազրկման:  

2009-ին Գագիկ Ջհանգիրյանի պաշտպանները՝ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, հայտարարել էին, որ առաջադրված մեղադրանքները փաստացի ապացույցներ չունեն, հարուցված քրեական գործը շինծու է:

«Գագիկ Ջհանգիրյանը ապօրինի է հետապնդվում, ավելին, նա հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար»,- հայտարարել էին պաշտպանները: 

Գագիկ Ջհանգիրյանն իրեն 3 տարի ազատազրկման դատապարտելու վճիռը բեկանելու և քրեական գործի վարույթն ամբողջովին կարճելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի վճիռը թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանի այս որոշումը Գագիկ Ջհանգիրյանը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում, սակայն վճռաբեկ բողոքը հետ է վերադարձվել: 

10 տարի անց՝ 2019-ի հուլիսի 16-ին, Գագիկ Ջհանգիրյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ: Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Թադևոսյանին, որը ինքնաբացարկ է հայտնել: Հիմա գործը մակագրված է Վճռաբեկի դատավոր Արթուր Պողոսյանին: