Պոլսում պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար դիմել են նահանգապետարան

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 01, 24News

1

Կ.Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը կազմակերպելու համար ստեղծված նախաձեռնող մարմինը պատրիարքական ընտրություններին ընդառաջ սկսել է աշխատանքը:

Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջը:

Նախաձեռնող մարմնի աշխատանքները իրականացվում են 1961 թվականի սեպտեմբերի 18-ին նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշմանը, ինչպես նաև Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից տրված 1990 և 1998 թվականների պատրիարքական ընտրությունների կանոնադրությունների դրույթներին համապատասխան:

Ըստ եկեղեցական ավանդույթների՝ ընտրությունները անցկացվելու են երկաստիճան եղանակով՝ ընտրվելու են հոգևոր և աշխարհիկ պատվիրակներ, որոնք էլ ընտրելու են պատրիարքին:

Նախաձեռնող մարմնի հանդիպումների արդյունքում որոշվել է հոգևոր պատվիրակների ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 7-ին, աշխարհիկ պատվիրակներինը՝ դեկտեմբերի 8-ին, իսկ արդեն պատրիարքի ընտրությունները՝ դեկտեմբերի 11-ին: Նախաձեռնող մարմինը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը՝ ընտրությունների անցկացման օրերը հաստատելու նպատակով: Մարմինը պահանջում է, որպեսզի նախարարությունը հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխանի իրենց դիմումին: