Արսեն Թորոսյանի և իմ միջև կա որոշ լարվածություն, հերքելու իմաստ չկա․ Էդգար Խուրշուդյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

«Իմ ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերություններում կա որոշակի լարվածություն»,- ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը:
Նա նշել է, որ չի կարող հերքել, քանի որ այս մասին անընդհատ խոսվում է․ «Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում դրանք կհարթվեն»:

Դիտարկմանը, թե գարդասիլի վերաբերյալ իրենց տարածած հաղորդագրությունից հետո բարձրացվել է իր պաշտոնանկության հարցը, Էդգար Խուրշուդյանը հայտարարել է՝ այսօրվա դրությամբ իր պաշտոնանկության հարցը չկա․ «Ես շարունակում եմ իրականացնել իմ գործառույթները»:

Հարցին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի ու Թորոսյանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ հաշվեքննիչ պալատը ոլորտային զեկո՞ւյց հրապարակեց (նշվում էր, որ պետպատվերի գումարների բաշխումը և այդ միջոցների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է առողջապահության նախարարությունը, ինչն ուղղակի կոռուպցիոն ռիսկ է և առաջարկվում էր այդ վերահսկողությունը վերապահել տեսչական մարմնին), Էդգար Խուրշուդյանը պատասխանել է, որ այդ մասին նախարարի հետ խոսել է:

«Նախարարը ևս նշել է, որ արվում են որոշակի գործողություններ, կարող է նոր մարմին ձևավորվի, բայց այս պահի դրությամբ ոլորտի հսկողությունը տրված է տեսչական մարմնին», - ասել է Խուրշուդյանը, ապա նաև տեղեկացրել, որ Արսեն Թորոսյանի հետ վերջին շփումը եղել է խորհրդի նիստի ժամանակ․ «Դրանից հետո որևէ շփում չենք ունեցել»:

Հարցին՝ Արսեն Թորոսյանը խորհրդի նիստի ժամանակ ասե՞լ է՝ «քաղաքացուն պասլատ անեիր», Էդգար Խուրշուդյանը պատասխանելէ, որ չի ցանկանում ասել՝ ինչ-որ մեկն ինչ է ասել:

«Հիմա, եթե ես կանգնեմ ասեմ, որ պարոն Թորոսյանն ինչ-որ բան է  ասել, դա իմ սկզբունքներին դեմ է, եթե ասել է, հարցն ուղղեք իրեն, թող ինքն էլ ասի, ես չեմ ուզում դրան անդրադառնանք», - ասել է նա: