ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 2, 24News

Ախ քարտուղար, ԱՄՆ դեսպան

ԱԽ քարտուղարը հայկական կողմի նախաձեռնությամբ օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի գրասենյակից, քարտուղարը ողջունել է տիկին Թրեյսինն ԱԽ գրասենյակում, շնորհավորել նրան նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության մեջ։

Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է անվտանգության ոլորտում կատարվող բարեփոխումները, մասնավորապես՝ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ մշակվող քաղաքականությունը` հատուկ ընդգծելով դրանց կարևորությունը: Քարտուղարը նաև անդրադարձել է Արցախում ականազերծման ծրագրերին տրվող ԱՄՆ ֆինանսական աջակցությանը` նշելով այդ ծրագրերի կարևորությունը տեղի բնակչության համար։ Նա հատուկ ընդգծել է նաև Արցախին տրվող Ամերիկյան մարդասիրական օգնության շարունակականության կարևորությունը: 

Դեսպան Թրեյսին նշել է, որ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության երաշխավորումը մեր երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկն է, և նա ուրախ է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հնարավորություն ունեցավ անդրադառնալու մեր երկու երկրների հետագա համագործակցությանն այս ոլորտում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Արմեն Գրիգորյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ: