Ծառուկյանի ստվերային կաբինետը (մաս 1)

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

2018 թ․-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարեց, որ իր ընդդիմադիր գործունեությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար ստեղծում է ստվերային կառավարության իր կաբինետը,  այսինքն՝ ով պետք է լինի վարչապետ, պաշտպանության նախարար, կրթության նախարար և այլ պորտֆելների չակերտյալ տերեր, եթե մի օր այդ կուսակցությունը հնարավորություն ունենա կազմել կառավարություն։

24News-ը որոշեց պատրաստել շարք, որտեղ մենք կնշենք, թե այլ կուսակցությունների՝ կառավարություն կազմելու հնարավորության դեպքում ով կարող է դառնալ պոտենցիալ վարչապետ ու նախարար։ Այս նպատակով մենք կդիտարկենք 5 խոշոր կուսակցությունների՝ խորհրդարանական Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան, Հայ ազգային կոնգրես, նախկին իշխանություն հանդիսացող Հանրապետական և ավելի ծայրահեղական «Սասնա ծռեր»։

Այսօրվա հաղորդումը նվիրվում է խորհրդարանական երկրորդ ուժին՝ Բարգավաճ Հայաստանին։

Եվ այսպես, եթե տեսականորեն մի պահ ենթադրենք, որ ԲՀԿ-ն վաղը հնարավորություն կունենա կազմել կառավարություն, ապա, առանց որևիցե կասկածի, այս ուժի վարչապետության թեկնածուն կլինի հենց  Գագիկ Ծառուկյանը։ Առավել դժվար է վերլուծել, թե ԲՀԿ-ից ովքեր կլինեն Ծառուկյանի կաբինետի անդամները։ Փոխվարչապետ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Միքայել Մելքումյանը, քանի որ վերջինս է Ծառուկյանի թիմի տնտեսական տորպեդոն է:

Ուժային բլոկում Ծառուկյանի մոտ կադրերն այնքան էլ շատ չեն։ Նրա Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի իր անփոխարինելի թիկնապահ, իսկ այժմ էլ արդեն պատգամավոր Էդուարդ Բաբայանը։ Պաշտպանության նախարարի գործն էլ ավելի բարդ է։ Կարելի է, իհարկե, երևակայությունը չարաշահել ու ասել, որ այդպիսի պաշտոն կարող է զբաղեցնել ԲՀԿ-ական  հայտնի ազատամարտիկ Ռուբեն Գևորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, սակայն այդ որոշումն իրատեսական չէ, ուստի պաշտպանության նախարարի պաշտոնը Ծառուկյանի հնարավոր կառավարությունում մնում է թափուր։ Նույնը վերաբերվում է նաև ոստիկանապետին։ Սոցիալական ու տնտեսական բլոկի նախարարների պարագայում ամեն ինչ ավելի հեշտ է։

Էկոնոմիկայի նախարարի համար ԲՀԿ-ն միանգամից երկու թեկնածու ունի՝ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը և Վայոց Ձորի նախկին մարզպետ, այժմ օրենսդրի անդամ Սերգեյ Բագրատյանը։ Արդարադատության նախարարի պաշտոնի համար Ծառուկյանի մոտ նույնպես ակնհայտ ֆավորիտ թեկնածու կա՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս, պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Առողջապահության նախարարի ամենահավանական թեկնածուն նախկին նախարար, Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Քուշկյանն է, որը այդ պաշտոնն արդեն իսկ ժամանակին զբաղեցրել է ԲՀԿ-ի քվոտայով։

Ինչ վերաբերում է կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի պաշտոնին, ապա այստեղ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, մանավանդ, որ ԲՀԿ-ի կադրային բազայում այս պաշտոնի հավակնորդ  ուղղակի չկա։ 

Արտաքին գործերի նախարարի խնդիր ԲՀԿ-ն նույնպես ունի։ Եթե Ծառուկյանը չորոշի քաղաքականապես վերակենդանացնել իր նախկին կուսակցական ընկեր Վարդան Օսկանյանին, ապա այս պաշտոնին կարող է հավակնել ԲՀԿ խմբակցության գործող քարտուղար Արման Աբովյանը, ով Ուկրաինայում դիվանագիտական ծառայության փորձ ունի և այժմ էլ ընդգրկված  է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Ենթադրվում է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ծառուկյանը կարող է նշանակել իր վաղեմի ընկեր, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին, Շրջակա միջազվայրի պաշտպանության նախարար՝ իր մամլո քարտուղար Իվետա Տոնոյանին, սոցիալական ապահովության նախարար՝ ԱԺ գործող փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին։ ԲՀԿ-ական կադրային բազայի պայմաններում շատ դժվար է նշել բարձր տեխնոլոգիական և արտակարգ իրավիճակների նախարարների անունները։ Առաջին պարագայում հնարավոր հավակնորդ է նախկին սոցիալական ապահովության նախարար Արթուր Գրիգորյանը, իսկ ԱԻՆ-ի դեպքում ենթադրյալ թեկնածու ուղղակի չկա։

Ահա այսպիսի հավանական տեսք կունենա Գագիկ Ծառուկյանի կառավարությունը, եթե մի օր Հայաստանի քաղաքացիները որոշեն նրան վստահել նախարարների կաբինետ ձևավորելու պարտականությունը։

Մնացյալ կուսակցությունների ստվերային կառավարությունների հնարավոր կազմը մենք կներկայացնենք հաջորդիվ։