Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը․ մասնակցում են 6 երկրի Զինված ուժերը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

միջադեպ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 3-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին տեղեկանում է ՀՀ ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:

Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նշել է. «Վստահ եմ, որ թիմերը մրցելիս կցուցադրեն արհեստավարժություն, մարտական և մարտավարամասնագիտական պատրաստվածության բարձր աստիճան: «Խաղաղության մարտիկ» մրցույթը կլինի մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն և կնպաստի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը»:

Մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: