«Իրավախախտների նկատմամբ լինել խիստ և սկզբունքային». Օսիպյանը հանձնարարականներ է տվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

ոստիկանություն

Օգոստոսի 3-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի և մարզային ստորաբաժանումների ղեկավարներ:

Վերլուծելով հանրապետության օպերատիվ իրավիճակը, Վալերիյ Օսիպյանը առանձնահատուկ անդրադարձել է մարդու կյանքի, առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին:

Մարզային վարչությունների և Ճանապարհային ոստիկանության ղեկավարներին ցուցում է տրվել, հատակապես հանգստի գոտիներում, ժամանցի վայրերում, այդ թվում և մայրաքաղաքից մարզեր տանող ավտոճանապարհներին ուժեղացնել ծառայությունը:

Ոստիկանության պետը ընդգծել է, որ իրավախախտների նկատմամբ անհրաժեշտ է լինել խիստ և սկզբունքային: Անդրադառնալով ծառայության արդյունավետության բարձրացման խնդրին` ոստիկանության պետը նշեց, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը:

Վալերիյ Օսիպյանը բացահայտումների արդյունավետության բարձրացման համատեքստում խոսել է նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորության, նաև կանխարգելիչ միջոցառումների մասին:

Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ է տվել բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին: