Դատարանն արգելեց լրագրողներին տեսանկարահանել «Դոն Պիպոյի» գործով դատական նիստը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Պիպո

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ մեկնարկել է քրեական աշխարհում կապեր ունեցող Արթուր Ասատրյանի («Դոն Պիպո») գործով առաջին դատական նիստը։

Դատավորը նիստի մեկնարկին լրագրողներին արգելեց տեսանկարահանել դատական նիստը։ Մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը տեսանկարահանմանը չառարկեց, սակայն դեմ արտահայտվեցին գործով ամբաստանյալ Արթուր Ասատրյանը և նրա պաշտպանները։ Լրագրողներն առաջարկեցին դատարանին պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարել մասնակի և թույլ տալ տեսանկարահանել դատավորին և մյուս կողմին։ Դատավորը մերժեց միջնորդությունը։

Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Արթուր Ասատրյանը 2017 թ. մայիսի 20-ին կազմակերպել և ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի, Արկադի Քոչինյանի առեւանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով:

Վերջիններիս վերաբերյալ քրգործը քննվում է դատարանում. նրանք մեղադրվում են Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, Արթուր Ասատրյանին, «օրենքով գող» Օշականցի Գևորիկ մականունով հայտնի Գևորգ Մելիքյանին և «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի սպանության  նախապատրաստությանն ուղղված գործողություններ կատարելու համար։

Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը։

Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին  Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել էր. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել։