Քաղաքապետարանն արգելափակում է «Կյանք և ազատություն» գրքի գովազդը․ 2-րդ նախագահի գրասենյակ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 06, 24News   

1

Երեւանի քաղաքապետարանն արգելափակում է Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի գովազդը: Այս մասին հայտարարվեց երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի եւ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի համատեղ մամուլի ասուլիսում:

Բագրատ Միկոյանի խոսքով՝ գովազդի թույլտվության համար քաղաքապետարան դիմելու հերոսապատումը շարունակվում է արդեն մոտ կես տարի: Ընդ որում՝ գրքի վաճառքի հետ կապված խնդիրներ չկան՝ Հայաստանում գիրքը ամենատարածված գրքերի տասնյակում է եւ բեսթսելեր է Մոսկվայում: Գիրքը հրատարակվել է հայերեն եւ ռուսերեն:

Ալեքսանդր Կոչուբաեւի խոսքով՝ դեռեւս ապրիլին իրենք դիմել են քաղաքապետարան՝ գովազդի թույլտվություն ստանալու համար: «Ես զարմացած եմ վարչարարության խնդրի հետ կապված  քաղաքապետարանում տեղի ունեցածից: Սա այն բանի քրեստոմատիական օրինակն է, թե ինչպես չպետք է լինի»,- արձանագրեց փաստաբանը:

Պարզվել է, որ դիմումը ներկայացվել է ապրիլի վերջին: Քաղաքապետարանը մինչեւ հիմա ոչ մերժել է, ոչ բավարարել:

Արաբկիր եւ Կենտրոն շրջանների թաղապետարանների միջոցով դիմելու փորձերը նույն արդյունքն ունեցան՝ պատասխան չկա:

«Քանի որ օրենքով սահմանված բոլոր ժամկետներն անցել են, իսկ պետական մարմինն ՝ ի դեմս քաղաքապետարանի, շարունակում է անգործության մատնվել, նույն օրենքի համաձայն, դիմող կողմը գովազդի իրավունք է ստանում՝ անկախ քաղաքապետարանի հետագա գործողություններից»,- հիշեցրեց փաստաբանը:

Միեւնույն ժամանակ, քանի որ «Սփեյս մենեջմենթ» ՍՊԸ-ն մտադիր է հետագայում էլ գործել ըստ օրենքի, նույնն ակնկալում է նաեւ քաղաքապետարանից եւ խնդրում է տրամադրել փաստաթուղթ, որը թույլատրում է գրքի գովազդը:

Այն տրամադրելու համար որպես խելամիտ ժամկետ ՍՊԸ ներկայացուցիչները պատրաստ են 24 ժամ հատկացնել՝ հակառակ դեպքում վաղը օրվա երկրոդ կեսին փաստաբանը դիմում կներկայացնի Վարչական դատարան: