Պտղնիում պատշգամբի դռնից մտել էր տուն, հարվածել տանտիրոջը,դանակի սպառնալիքով փող հափշտակել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

ոսկի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերին Պտղնի գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի փաստով:

2019 թ. օգոստոսի 06-ին՝ ժամը 10:00-ին, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:20-ի սահմանում, անհայտ անձը՝ դիմակավորված, տան պատշգամբի դռնից մուտք է գործել տուն, հարվածներ հասցնելով իրեն՝ պատճառել է մարմնական վնասվածքներ և դանակի սպառնալիքով հափշտակել կանխիկ գումար, ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով: Վերին Պտղնի գյուղի բնակչուհին ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին:

Նախաքննությունը շարունակվում է: