«Պոբեդա»-ն կշարունակի չվերթներ իրականացնել «Շիրակ» օդանավակայանից՝ երաշխիքների դեպքում

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 6, 24News

ինքնաթիռ

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի իրականացնել չվերթները դեպի Հայաստան՝ Գյումրի, եթե «Շիրակ» օդանավակայանից ստանա հստակ երաշխիքներ՝ վառելիքի թերլիցքավորման խնդրի վերացման վերաբերյալ:

«Արմենպրես» հետ զրույցում՝ այս մասին ասաց «Պոբեդա» ընկերության գլխավոր գրասենյակի մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան:

««Պոբեդան»-ն կշարունակի չվերթներն իրականացնել նաև թերլիցքավորված վառելիքի արժեքի փոխհատուցման դեպքում։ Այս պահին չկա նման պայմանավորվածություն: Վառելիքի թերլիցքավորումն անվտանգության լուրջ սպառնալիք է: Պատկերացրեք, եթե թռիչքի ընթացքում արտակարգ իրավիճակ ստեղծվի վառելիքի անբավարարության հետևանքով: Մենք ակնկալում ենք վառելիքի հստակ նշված ծավալ կոնկրետ երթուղու համար»,- նշեց Սելիվանովան։

Նրա խոսքով՝ այս պահին մինչև ամառային սեզոնի վերջը «Պոբեդան» կկատարի իր ծրագրած չվերթները դեպի Գյումրի, որպեսզի իր հաճախորդներին դժվար դրության մեջ չդնի: Ձմեռային սեզոնից այս ուղղությամբ տոմսերի վաճառքը դադարեցված է: 

Լոուքոսթերը Գյումրի չվերթները սկսել էր իրականացնել 2016 թվականի դեկտեմբերից: