ՔԿ-ն «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 07, 24News   

1

«Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն  Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար։ Նշենք, որ «Սամ-Հար» ընկերությունը ներկայանում է «Սիփան» ապրանքանիշով ու զբաղվում նաև գյուղմթերումներով, պատրաստում տնական կոմպոտ։ Այն ունի մոտ 120 աշխատատեղ։շ, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Ներկայումս ընկերության մթերումների բուռն շրջանն է, և տնօրենի նկատմամբ հետապնդումները աշխատակիցների շրջանում սկսել է մտահոգություն առաջացնել։

Նկատենք, որ տնօրենը՝ Ռոբերտ Մանուկյանն՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբայրն է, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մելիք Մանուկյանի նկատմամբ կատարված սպանության փորձից հետո։

Պայթյունի եղանակով միջպետական ճանապարհին եղբոր նկատմամբ կատարված սպանության փորձից հետո, նախնական քննության տվյալներով, նրա դրդչությամբ վարորդը դեպքի վայրից հեռացրել է ավտոմեքենան։ Քննության խոչընդոտելու և ոստիկաններին դիմադրություն ցույց տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ոչ միայն վարորդին է մեղադրանք առաջադրվել, այլ նաև ՍՊԸ-ի տնօրենին։

Ընդ որում՝ դեպքից հետո առանց որևէ ծանուցագրի բերման ենթարկելու որոշման՝ ոստիկանները գնացել են գործարարի տուն ու նրան հրավիրել ոստիկանություն, սակայն Ռ. Մանուկյանը, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել է առանց ծանուցագրի գնալ ոստիկանություն, ինչից հետո նրան հարկադիր տեղափոխել են ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։ Այն, որ Ռ.Մանուկյանին ոստիկանություն բաժին տեղափոխելը եղել  է առանց որևէ հիմքի, ինչպես արդեն նշել ենք, փաստել է նաև Կոտայքի մարզի դատարանը՝ նրա ձերբակալությունը որակելով որպես ոչ իրավաչափ ու նրան ազատելով արգելանքից։ «Դատարանում քննիչի կողմից  տրված  պարզաբանումներով հիմնավորվել է, որ  գործը վարույթ ընդունելուց քննիչի կողմից որևէ հանձնարարություն չի տրվել կասկածյալին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար, գործում չկա բերման ենթարկելու մասին որոշում կամ ծանուցագիր»,- արձանագրել էր դատարանը։

Դատական նման ակտի առկայության պայմաններում՝ քննիչը ոստիկանի պահանջը համարել է օրինական ու  որոշել  գործարարին մեղադրանք առաջադրել ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար։ Այլ խոսքով՝ եթե վաղը որևէ ոստիկանի մտքով անցնի որևէ քաղաքացու առանց բերման ենթարկելու որոշման կամ ծանուցագրի տանել ոստիկանություն՝ քաղաքացին պետք է մոռանա քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված իրավունքների մասին և ենթարկվի այդ կամայականությանը, հակառակ պարագայում կարող է կալանավորվել»։