Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց է կատարել Եղեգնաձոր, Գորիս, Վայք

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 07, 24News   

1

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այց է կատարել Եղեգնաձոր, Գորիս, Վայք, իսկ օգոստոսի 6-ին՝ Հրազդան և Չարենցավան քաղաքներ: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարար Ցոլակյանը շրջել է ԱԻՆ տարածքային ստորաբաժանումներում, ծանոթացել անձնակազմի աշխատանքային պայմաններին, ընդհանուր տեխնիկական հագեցվածությանը, զրուցել է հրշեջ-փրկարարների հետ և հետաքրքրվել նրանց ունեցած խնդիրներով:

Ֆելիքս Ցոլակյանը հրշեջ-փրկարարներին ներկայացրել է արդեն կատարված և ընթացքում գտնվող ծրագրերը, որոնց նպատակն է բարելավել հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանները, հրշեջ-փրկարարական ջոկատների նյութական հագեցվածությունը, ինչպես նաև հիմնանորոգել փրկարարների կողմից զբաղեցված շենք-շինությունները:  

Արդեն լուծված է փրկարարներին պարբերաբար տրվող նոր համազգեստի խնդիրը, մարտական հաշվարկները ապահովված են վառելիքի  և այլ անհրաժեշտ պաշարներով:

Նախարար Ցոլակյանը նշել է, որ հնարավոր ամեն ինչ արվելու է ոչ միայն պարգևավճարների պարբերական վճարման, այլև աշխատավարձերի բարձրացման համար: 

ԱԻ նախարարը փրկարարներին կոչ է արել համընդհանուր արձակուրդային շրջանում  նույն պատասխանատվությամբ և զգոնությամբ  շարունակել ծառայողական պարտականությունների կատարումը և միշտ բարձր պահել փրկարարի կոչումն ու պատիվը:  Ֆելիքս Ցոլակյանը  հանձնարարել է  Համահայկական խաղերի հետ կապված մշտական հսկողության սահմանել Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի վրա:

Նախարարի աշխատանքային և ստուգողական այցերը կրում են շարունակական բնույթ: