«Կրակելու հրաման չեմ տվել, անհեթեթություն է»․ Օգանովսկին՝ «BBC»-ի հրապարակման մասին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Օգանովսկի

«Նման բան չկա, ես ցուցարարների վրա կրակելու հրաման չեմ տվել»,-24News-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)` հերքելով «BBC»-ի ռուսական ծառայության՝ 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հրապարակումը։

«Շատ բան կարող են գրել, բայց հո ամեն ինչ ճիշտ չէ. դա անհեթեթություն է։ Չեմ էլ հասկանում՝ ինչո՞ւ են հենց հիմա նման բան գրել, այսինքն՝ այն ժամանակ, երբ Արցախում անցկացվում են Համահայկական խաղերը։ Բայց ես էդ մարդը չեմ, որ ցուցարարների վրա կրակելու հրաման տամ ու ես հրաման տվող չեմ»,-ասաց նա։

Այլ հարցերի գեներալը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ լավ ծանոթ չէ հրապարակմանը։ Նա հորդորեց հարցերն ուղարկել գրավոր։ Մեր հարցին՝ պատասխանը արդյոք շո՞ւտ կուղարկի, պատասխանեց․ «Սա հո Աղդամի կամ մի տարածք ազատագրելու հարցը չի, որ արագացնեմ։ Սպասե՛, բոլոր հարցերի պատասխանները կտրվի»։

Ավելի վաղ գրել էինք, որ «BBC»-ն հոդված է հրապարակել՝ նշելով, որ արցախյան ուժայիններն են 2008 թ.-ի մարտի 1-ին գլխավորել գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը և հենց նա է ցուցարարների վրա կրակելու հրաման տվել։ Հոդվածում նաև նշվում է, որ այդ օրերին Բաղրամյան 26-ում գործել է գաղտնի շտաբ, որը ֆինանսավորվել է այդ ժամանակ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի կողմից։