Գողերը բնակարանից հափշտակել են չհրկիզվող պահարանը և հեռացել տուժածի Toyota-ով

ԵՐԵՎԱՆ , ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News  

1
 

Երեկ, օգոստոսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Շենգավիթի վարչական շրջանի բնակիչ 37-ամյա Սուրեն Կ․-ն Ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել է, որ օգոստոսի 5-ի ժամը 10։30-ից մինչև օգոստոսի 7-ի ժամը 10։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Չեխովի փողոցի բնակիչ 43-ամյա Անդրեյ Ս․-ի բնակարանը, մտել ներս, այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, այնուհետև Անդրեյ Ս․-ին պատկանող Toyota մակնիշի 77 NM 770 համարանիշի ավտոմեքենայի բանալիները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գողը կամ գողերը այնուհետև նշված շենքի բակից փախցրել են Toyota-ն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ չհրկիզվող պահարանում եղել են ատրճանակ, ոսկյա զարդեր և գումար։ 

Մինչ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները փախցրած ավտոմեքենան հայտնաբերել են Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ա թաղամասի կամրջի տակ՝ ամբողջովին այրված վիճակում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։