ՀՀ վարչապետը չի փոխել իր ծրագրերը և կմեկնի Ղրղզստան․ մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News   

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փոխել իր ծրագրերը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին կալանավորելու հատուկ գործողության պատճառով և հինգշաբթի երեկոյան կմեկնի այդ երկիր՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին: Այս մասին 24News –ին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

«Ներկա պահին վարչապետ Փաշինյանի ծրագրերը չեն փոխվել, և նա երեկոյան մեկնելու է Ղրղզստան», - ընդգծեց Կարապետյանը:

Ավելի վաղ վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Փաշինյանը ԵԱՏՄ նիստի շրջանակներում նախատեսում է հանդիպել Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Օգոստոսի 7-ին Ղրղզստանի հատուկջոկատայինները սկսեցին Աթամբաևին Կոյ-Տաշ գյուղի իր տանը կալանավորելու գործողությունը: Նախկին նախագահը կասկածվում է կոռուպցիայի մեջ, իսկ ավելի վաղ խորհրդարանը նրան զրկել էր անձեռնմխելիությունից: Աթամբաևի կողմնակիցները դիմադրեցին, գործողության ընթացքում սպանվեց 1 սպա, իսկ 52 հատուկջոկատային վիրավորվեց: Պետության նախկին ղեկավարին ձերբակալել չհաջողվեց: Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ  Աթամբաևը խախտել է սահմանադրությունը՝ զինված դիմադրություն ցույց տալով ուժայիններին: Նախկին նախագահը հայտարարել է, որ ծրագրում է իր համախոհներին Բիշքեկում հավաքի դուրս բերել: