Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերային կառավարությունը (մաս 3)

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Հայաստանի ստվերային կառավարությունների շարքի հերթական թողարկանը 24News-ն արդեն անդրադարձել էր, թե ինչ տեսք կունենա նախարարների կաբինետը, եթե վարչապետ դառնա Գագիկ Ծառուկյանը կամ Էդմոն Մարուքյանը։

Այսօր՝ օգօստոսի 8-ին, մենք կանդրադառնանք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի կողմից հնարավոր կառավարության ձևավորմանը, եթե, իհարկե, ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը մի օր վստահության քվե տա հենց այդ քաղաքական ուժին։

Եվ այսպես, եթե ՀԱԿ-ը հնարավորություն է ստանում կազմել կառավարություն, ապա, ըստ մեր վերլուծաբանների, չնայած արդեն պատկառելի տարիքին վարչապետ կդառնա հենց առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը։ Վերջինս քաղաքական գործընթացների մասին բավական հազվադեպ է արտահայտվում, սակայն նրա տեսակետները դրանից հետո բավական երկար ժամանակ դառնում են երկրի օրակարգի թիվ մեկ քննարկվող հարցը։ Տեր-Պետրոսյանի կաբինետում փոխվարչապետի պաշտոն, ըստ ամենայնի, կզբաղեցնի ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ում նկատմամբ, կյանքը ցույց է տալիս, որ առաջին նախագահն ունի անվերապահ վստահություն։

ՀԱԿ-ի մեկ այլ հայտնի դեմքը՝ Արամ Մանուկյանը, բավական մեծ հնարավորությամբ, կզբաղեցնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը, մանավանդ որ իր գործունեության տարիներին Մանուկյանը աչքի է ընկել հատկապես կրթական ոլորտի նկատմամբ մասնագիտական կարծիքներ հրապարակելով։

Չնայած ՀՀ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը դե յուրե այլևս ՀԱԿ անդամ չէ, սակայն, եթե Տեր-Պետրոսյանը հասնի նմանատիպ հաջողության, ապա, ըստ ամենայնի, հենց վերջինիս կառաջարկեն զբաղեցնել գլխավոր դատախազի պաշտոնը։

ՀԱԿ իրավական ոլորտի համակարգող Արմեն Խաչատրյանը, թերևս, կլինի այն անձը, ում բաժին կհասնի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։ Հենց վերջինս է տարիներ ի վեր զբաղվում կուսակցության իրավական խնդիրներով։

Առողջապահության նախարար վարչապետ Լևոն Տեր-Պետրոսյանը կնշանակի ՀԱԿ անդամ, բժիշկ գինեկոլոգ Վահան Վարդապետյանին։

Քանի որ Հրանտ Բագրատյանի հետ ՀԱԿ-ի հարաբերությունները տարիներ ի վեր այդքան էլ լավ չեն, ապա վստահաբար կարելի է ասել, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնի միակ հավակնորդ կարող է լինել Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Տեր-Պետրոսյանի կաբինետում կլինի նրա գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը, դե իսկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար էլ ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը։

Ֆինանսների նախարարի հնարավոր հավակնորդ է ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնի հավակնորդ Տեր-Պետրոսյանի կառավարությունում մի քանիսն են՝ նախկին արտգործնախարարներ Վահան Փափազյանն ու Ալիկ Արզումանյանը, քաղաքագետ, Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը, վերջապես, ամերիկյան հեղինակավոր «Թաֆթս» համալսարանի դասախոս Ռուբեն Շուգարյանը և առաջին նախագահի օրոք հատուկ հանձնարարություններով դեսպան Ժիրայր Լիպարիտյանը։ Ըստ ամենայնի, սակայն, Տեր-Պետրոսյանի ընտրությունը կանգ կառնի կամ Շուգարյանի կամ Լիպարիտյանի վրա՝ հաշվի առնելով վերջիններիս հետ նրա անձնական մտերմությունը։

Պաշտպանության նախարարի հավակնորդներ Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմում չկան, սակայն, վերջինս ամենայն հավանականությամբ կօգտվի բանակի կադրային բազայից կամ օգնության կկանչի իր իշխանության տարիներին զինվորական ծառայության եղած և այժմ թոշակի անցած անձանցից որևիցե մեկին։

Տեր-Պետրոսյանի կաբինետի ոստիկանապետ կարող է դառնալ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, որն այժմ ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է։

Այսպիսով, ըստ մեր վերլուծաբանների, այսպիսի տեսք կունենա Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը, եթե ՀՀ առաջին նախագահը մի օր հաղթի ընտրություններում և հնարավորություն ունենա ձևավորելու նախարարների կաբինետ։

Հաջորդ վերլուծականում մենք կներկայացնենք ավելի ծայրահեղական՝ «Սասնա ծռեր»-ի կառավարության հնարավոր կազմը։