Նոր Նորքի ոստիկանները թմրամիջոց իրացնողների են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ձեռք բերել, որ մայրաքաղաքում ապրող մի երիտասարդ թմրամիջոց է ձեռք բերում և իրացնում։ Նա վերցվեց ոստիկանների օպերատիվ տեսադաշտ և օգոստոսի 5-ին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց Նոր Նորքի բաժին։ Քրեական հետախույզների տեղեկություններով՝ երիտասարդը օգոստոսի 3-ին Էրեբունի վարչական շրջանում 10-ից ավելի փաթեթ մարիխուանա էր գնել մի տղամարդուց՝ յուրաքանչյուրի համար վճարելով 8 հազար դրամ։ Ընդ որում՝ մի քանիսը արդեն վաճառել էր, իսկ մնացածը մեքենայում էր։ Դատարանի որոշմամբ խուզարկվեց նրա «Նիսսանը»։ Հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով չորս փաթեթ։ 

Այս ընթացքում Նոր Նորքի ոստիկանները պարզեցին անձի ինքնությունը, ումից նա թմրամիջոց էր գնել։ Էրեբունիում ապրող 37-ամյա տղամարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 17 փաթեթ՝ ընդհանուր 44 գրամից ավելի։ Համաձայն ոստիկանության փարձաքրեգիտական վարչության եզրակացության՝ փաթեթներում մարիխուանա էր։ 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Նոր Նորքի քրեական հետախույզների հաջորդ խնդիրը պարզելն էր, թե տղամարդն ումից էր գնել մարիխուանան։ Շուտով հայտնի դարձավ նաև իրացնողի ինքնությունն ու բնակության վայրը։

Օգոստոսի 5-ին Նոր Նորքի ոստիկանները մեկնեցին Կոտայքի մարզի Գառնի գյուղ՝ դատարանի որոշմամբ խուզարկելու թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող 52-ամյա տղամարդու տունը։ Հայտնաբերվեցին թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված, արմատախիլ արվեց ու առգրավվեց 102 հատ կանեփի թուփ, առգրավվեց նաև կանեփի կիսաչոր 15 թուփ։ Տանտերը թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 

Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։