Եթե ուզում եք՝ Սերժի կարած կոստյումը հագնեք ու լռվեք, դրա դեմ պայքարելու ենք․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

«Քանի դեռ Հայաստանում գործում է այսօրվա մարզպետական համակարգը, ՀՀ-ում արդար ընտրություններ չեն կարող լինել»։ Այս մասին «#bRightTalk՝ Դավիթ Խաժակյանի հետ» նոր ֆորմատով ֆեյսբուքյան հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա ընգծել է, որ համապետական հաջորդ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզպետներն ունենալու են լուրջ դերակատարում։

«Ոչ թե իրենք ռեյտինգով տղերք են, այլ իրենք ժողովրդի վրա սուբվենցիա ծախող են՝ ա՜յ, ես վարչապետի հետ սուբվենցիա բերեցի, ասֆալտը սարքեցի, մեզ պետք է ընտրեք։ Մեր ժողովուրդն էլ անշնորհակալ չէ, ասում Է՝ բա Էս մարդն էսքան գործ է արել։ էլ չեն ասի, որ իրենց հարկերով է արվել։ Բայց մարզպետը լավ լոբբինգ կանի։ Երեկ վարչապետը գրել է՝ 20 միլիոնից ավել սուբվենցիա է ուղարկել մարզեր, բայց քաղաքական իմաստով ծրագրերը ծախվում են ժողովրդի վրա որպես տրվող բարիք՝ անկախ նրանից՝ ո՞վ է իշխանության։ ՀՀԿ-ն այդպես էր անում, այսօրվա իշխանությունն էլ չի ուզում հրաժարվել այդ քաղաքականությունից»,-ասել է Մարուքյանը։

Բացի դրանից՝ ըստ Մարուքյանի, մարզում գործող բոլոր իրավապահ մարմինները համագործակցում են մարզպետի հետ և անում այն, ինչ ասում է վերջինս։

«Մարզպետն ասում է՝ էս գյուղապետի գործերը ուսումնասիրեք, իրավապահներն էլ ուսումնասիրում ու գործ են հարուցում։ Հիմա ասում են՝ սահմանադրական փոփոխություններ անենք, բայց խոսք չկա մարզպետական համակարգը վերացնելու մասին։ Հիմքը դրվել է ՀՀՇ-ի ժամանակ, երբ որոշել են շատ մանր համայնքներ ունենալ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, որ հետո էլ ընտրությունների ժամանակ վերարտադրվեն»,-ասել է նա։

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք նոր Հայաստանում նպատակ կա՞ ձերբազատվելու մարզպետական «ապականող համակարգից», թե՞՝ ոչ։

«Չէ՛, էս իշխանությանն էլ է դզել մարզպետական այս համակարգը։ Իսկ ժողովրդավարությունը սկսվում է տեղերից, եթե փոքր տեղում չունես, մեծում չես կարող ունենալ։ Եթե դուք ուզում եք՝ Սերժի կարած կոստյումը հագնեք ու լռվեք, մենք դրա դեմ պայքարելու ենք»,-ասել է Էդմոն Մարուքյանը։