Տանտերերին ծեծել էին, դանակով, ատրճանակով սպառնացել, ժապավենով կապել, փող, ոսկի գողացել․ՔԿ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

կապել

ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս: Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝  չորս անձի մեղադրանք է առաջադրվել:  

Մինչդատական վարույթում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են խմբի կողմից ինչպես միասին, այնպես էլ՝ առանձին կատարված  հանցագործության դրվագներ, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, տրվել քրեաիրավական գնահատական:

Մասնավորապես Վանաձոր քաղաքի 35-ամյա բնակիչն ավազակությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության է եկել իր ընկերների՝ Լոռու մարզի՝ թվով երեք բնակիչների հետ՝ ծնված 1984, 1989 և 1987թթ.:

Քննության տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վերջիններս, դիմակավորված, ալկոհոլ օգտագործած վիճակում, զինված գազային ատրճանակով, դանակով և սառը զենք չհանդիսացող ծալովի դանակով, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ապօրինի մուտք են գործել նրանցից մեկի նախկին ընկերուհու ծնողների՝ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչների տուն, ծեծի են ենթարկել նրանց, և դանակի ու ատրճանակի գործադրմամբ վերջիններիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պահանջել են գումար և ոսկյա իրեր, որից հետո կպչուն ժապավենով նրանց կապկպելով ննջասենյակում՝ առանձնատնից հափշտակել են կանխիկ  գումար և այլ իրեր ու դիմել փախուստի:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Վանաձոր քաղաքի՝ 35-ամյա բնակիչը, 2018 թ. դեկտեմբերի 12-ին, ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Վանաձոր քաղաքում բնակվող նույն ընկերներից երկուսի հետ՝  ծնված 1984 և 1989 թթ., 2018 թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, դիմակավորված, ձեռքներին՝ բժշկական ձեռնոցներ, որպես զենք օգտագործվող առարկայի` դանակի գործադրմամբ  հարձակվել են Սպիտակ-Երևան ավտոճանապարհին գործող բենզալցակայանի աշխատակցի վրա, դանակը մոտեցնելով նրա պարանոցին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել իրենց տալ բենզալցակայանում վառելիքի վաճառքից գոյացած ողջ գումարը: Ստանալով բացասական պատասխան` երեքով աշխատակցի հագուստների գրպանները ստուգել, հայտնաբերել և հափշտակել են նրա մոտ առկա կանխիկ գումարը և դիմել փախուստի:

Բացի այդ, նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև՝ Վանաձոր քաղաքի 35-ամյա բնակչի կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ: Այսպես՝ տղամարդը կնոջը տեսակցելու նպատակով 2018 թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է Վանաձոր քաղաքում գտնվող վերջինիս բնակարան, սակայն կինը դուռը չի բացել և պահանջել է հեռանալ: Տեսնելով, որ կինը դուռը չի բացում՝ տղամարդը զայրացել և հարվածել է բնակարանի դռանը, այրել է դռան շեմը՝ կնոջը պատճառելով գույքային վնաս, շենքի շքամուտքում գոռգոռացել և սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ինչպես կնոջը, այնպես էլ՝ աղմուկի ձայների վրա իրենց բնակարաններից դուրս եկած բնակիչներին, ինչպես նաև  գլխով հարվածել է նրանցից մեկի դեմքին, այնուհետև հրելով գլորել է աստիճաններով:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով,

1984 և 1989 թթ. ծնված տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով,

իսկ 1987թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:

Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: