Աթամբաևին դեռևս միայն մեկ գործով է մեղադրանք առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 10, 24News

Աթամբաև

Ղրղզստանում քննիչները ողջ գիշեր և առավոտյան հարցաքննել են նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ հիմնականում օգոստոսի 7-8-ը տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Աթամբաևի խորհրդական Կունդուզ Ժոլդուբաևին, որը նույնպես ներկա է եղել հարցաքննությանը:

Քննիչները պատանդներ վերցնելու գործով հարցաքննել են և՛ նրան, և՛ նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովին:    

Նշվում է, որ Աթամբաևին դեռևս միայն մեկ գործով են մեղադրանք առաջադրել. նախկին նախագահին մեղադրում են կոռուպցիայի մեջ՝ բանտից ազատ արձակված քրեական հեղինակություն Բատուկաևի գործով:   

2006 թվականին Ազիզ Բատուկաևին դատապարտել էին 16 տարի 8 ամսվա ազատազրկման, սակայն 2013-ին նա ազատ էր արձակվել բժշկական հանձնաժողովի եզրակացության պատճառով, որը նրա մոտ վերջին փուլի արյան քաղցկեղ էր ախտորոշել: Վերջինս հեռացել է Ղրղզստանից, և հետագայում պարզվել է, որ նա առողջ է, իսկ նրա ազատ արձակմանը ներգրավված են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի հատուկջոկատայինները գրոհ էին սկսել Աթամբաևի կեցավայրի մոտ՝ վերջինիս ձերբակալելու նպատակով, քանի որ գործիչը երեք անգամ անտեսել էր հարցաքննության ծանուցումները: Հատուկջոկատայինների և Աթամբաևի կողմնակիցների միջև երկու օր տևած բախումների հետևանքով ավելի քան 80 մարդ էր տուժել, հատուկջոկատայիններից մեկը զոհվել էր, ինչպես նաև մի քանիսին պատանդ էին վերցրել Աթամբաևի կողմնակիցները: